Տիգրան Ավինյան. «Եթե երևանաբնակների 60–65%–ը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ ընտրակաշառքները չէին օգնի իշխանություններին վերարտադրվել». «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ելք» դաշինքից ավագանու անդամ դարձած Տիգրան Ավինյանը զրուցել է «Փաստի» հետ, նշել, որ թեև արդյունքը գոհացուցիչ չէ, սակայն փաստում է այն, որ իրենք Երևանում կայուն ընտրազանգված ունեն:
– «Ելք»–ի ստացած քվեները գոհացուցի՞չ են Ձեզ համար: Արդյո՞ք սա կարելի էր ակնկալել և նման արդյունք ունենալուն պատրա՞ստ էիք:
– Մենք պատրաստ էինք ընտրությունների ցանկացած ելքին։ Ո՛չ, արդյունքը գոհացուցիչ չէ, բայց այս արդյունքը ցույց է տալիս, որ «Ելք» դաշինքը ունի կայուն ընտրազանգված Երևանում։ Այս արդյունքով «Ելք» դաշինքի 14 անդամ ներկայացված կլինեն Երևանի ավագանիում՝ ծառայելու երևանցիներին և պաշտպանելու նրանց շահերը։
– Մեծամասնություն չդարձաք: Ի՞նչը Ձեզ խանգարեց, ո՞րն էր հիմնական խոչընդոտը:
– Կարծում եմ հիմնական խոչընդոտը մարդկանց թերհավատությունն է ընտրությունների նկատմամբ։ Չնայած որ մենք ունեինք վստահված անձեր բոլոր ընտրատեղամասերում, «Տարոնը մեկ է ընտրված է» միտքը դեռևս շատ էր արծարծվում։ Մասնակցության ցածր թվերը նաև սրա մասին են խոսում։
– Ի՞նչ եք կարծում հնարավոր է ՀՀԿ–ի հետ ընդհանուր լեզու գտնել քաղաքային խնդիրները վեր հանելու և դրանց լուծում տալու տեսանկյունից: Ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել իշխանական ուժի հետ:
– Մեր ավագանիների գործառույթները լինելու են բյուջեից կատարվող ծախսերի վերահսկողությունը, քաղաքացիների հարցերի բարձրաձայնումը և դրանց հնարավոր լուծումներ տալը։ Համագործակցությունը, եթե այն առհասարակ հնարավոր է, կլինի միայն շատ կոնկրետ ծրագրերի շուրջ։
– Շնորհավորե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Տարոն Մարգարյանին կամ ՀՀԿ–ին: Համարո՞ւմ եք, որ նա հաղթանակ տարավ:
– Չենք շնորհավորել և չենք էլ պատրաստվում շնորհավորել կոռումպացված, 2 տասնամյակ երկիրը և ժողովրդին հուսահատության հասցրած ուժի ներկայացուցչին։
– Այս ընտրություններին նույնպես մարդիկ տուրք գնացին ընտրակաշառքին: Ի վերջո ո՞րն է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն կարողանում զերծ մնալ այդ «գաղթակղությունից»:
– Ես նման գնահատական չէի տա, համենայնդեպս, մեծամասնության մասին խոսք գնալ չի կարող։ Ընտրությունների մասնակցության թիվը ցույց է տալիս, որ մեծամասնությունը առհասարակ որոշեց չմասնակցել քաղաքական պրոցեսին։ Ընտրակաշառքի համակարգն արդեն 20 տարի գործող և կատարելագործվող մեխանիզմ է, որը շատ բարդ է կոտրել։ Հասարակության շրջանում հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորված այդ մշակույթի նկատմամբ։ Միակ տարբերակը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրական պրոցեսներին։ Եթե երևանաբնակների 60–65% մասնակցեր այս ընտրություններին, կարծում եմ նույնիսկ ընտրակաշառքները չէին օգնի իշխանություններին վերարտադրվել։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի կատարվի կամ ի՞նչ պիտի փոխվի մեր հասարակության մեջ, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն խղճի մտոք:
– Միայն ինքներս մեր ուժերի նկատմամբ վերականգնված հավատը կարող է բան փոխել։ Այն օրվանից, որ մենք հավատացինք ինքներս մեր ուժերին, մեր տված քվեի ուժին, ընտրակաշառքների ժամանակաշրջանը կավարտվի։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում