Ելքը պաշտոն է ուզում
ANALYSISՎերջին ընտրություններին պարբերաբար մասնակցած և որոշ շրջանակների համար հաջողություններ գրանցած «Ելք» դաշինքը, տպավորություն է ստեղծվում, որ տառապում է պաշտոնացավով։
Հաջողությունները, անվանում ենք պայմանականորեն, քանի որ այդ նույն դաշինքի առանցքային կերպար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք ժողովրդին պարտության չեն տանելու։ Մեկ անգամ ասելու և անելու են ու այսպես շարունակ։ Սակայն, ինչպես ցույց տվեց փորձը, նրանք իշխանության կազմակերպած տրագիկոմեդիկ ընտրությունները լեգիտիմացնելուց զատ, այլ հաջողություններ չգրանցեցին։ Զբաղեցրեցին բարձր գոռացող ու ոչինչ չանող ընդդիմության դաշտը։ Այս հանգամանքը, ինչ խոսք, խստիվ ձեռնտու է իշխանություններին։
Հիմա, հասկանալով որ այդ դաշտում երկար չես մնա, նրանք փորձում են համոզել իշխանություններին իրենց տալ որևէ պաշտոն։ Այստեղ պաշտոնի բովանդակությունը կապ չունի, դա կարող է լինել քաղաքապետից սկսած մինչև Գույքի կառավարման ինչ որ մարզային գրասենյակի պետ։ Երևանի ավագանու ընտրությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը հենց այդ մեսսիջն էր ուղարկում իշխանություններին։
Նա նույն մեսսիջն ուղարկեց նաև երեկ, երբ ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված ծավալուն ելույթ ունեցավ պոպուլիզմի ողջ հմայքով։ Հիմքում դրեց ՝ ժողովրդավարություն, հակակշիռների մեխանիզմներ, Ադրբեջանը կտեսնի ու կնախանձի, բոլոր լրատվականները մի քանի շաբաթ կխոսեն միայն Հայաստանի մասին, իսկ լուրերն էլ կսկսեն Արարատի պատկերով։
Իշխանությունն ի վերջո արձագանքեց նրան։ Ասեմ ավելին ՝ սիրաբանեց։ Ու այդ արձագանքն արեց ոչ ավել, ոչ պակաս, գեներալ Սեյրան Սարոյանի շուրթերով։ Վերջինս ասաց.«Շան տղի Նիկոլն ընենց խոսեց, քիչ էր մնում համոզեր»։ Դե ինչ, արդարացված ձգտում է, թերևս կարելի է շարունակել նույն ոգով, խոսելով հակակշիռների մեխանիզմների մասին։
Ատոմ Ոսկանյան