Քյոլնում Apple I հազվագյուտ համակարգիչը աճուրդում վաճառվել է 110 հազար եվրոյով
ԼԱՅՖՔյոլնի աճուրդում 110 հազար եվրոյով վաճառվել է ամերիկյան Apple կորպորացիայի առաջին արտադրանքներից մեկը՝ Apple I անհատական համակարգիչը: Այս մասին հայտնել է Breker աճուրդի տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը մոդելի մասին է, որը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը մշակել է անձնական օգտագործման համար, այն առաջին անգամ ցուցադրվել է 1976 թվականի ապրիլին Պալո Ալթոյում՝ «Ինքնաշեն համակարգիչների ակումբում»: Apple I-ն արժեր 666,66 դոլար: Վաճառելու համար հավաքվել է ընդամենը մոտ 200 սարք, որոնցից ներկայումս աշխարհում աշխատող է միայն ութ սարք, այդ թվում՝ Քյոլնի աճուրդում վաճառվածը:
Նախապես Apple I-ը ոչ մոնիտոր ուներ, ոչ անգամ պատյան, միայն համակարգային պլատաների լրակազմեր էին: Ի տարբերություն իր ժամանակի մյուս սիրողական համակարգիչների, որոնք վաճառվում էին հավաքելու համար նախատեսված լրակազմով, Apple I-ն ամբողջովին հավաքված էր մոնտաժային պլատայի վրա, որը մոտ 30 միկրոսխեմա էր պարունակում, ինչի հետ կապված շատ մասնագետներ այն համարում են առաջին իսկական անհատական համակարգիչը: Միեւնույն ժամանակ, լիարժեք անհատական համակարգիչ ստանալու համար օգտատերը պետք է ձեռք բերեր հավելյալ պատյան, սնուցման աղբյուր, ստեղնաշար եւ մոնիտոր: