«Զանգվածային հերոսություն չի լինում. հերոսի օրինակը պետք է մղի ամենօրյա զանգվածային պայքարի». «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
– Պարոն Մարտիրոսյան, այս նոր խորհրդարանից ժողովուրդն ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ կարող է ունենալ: Վստահություն ներշնչո՞ւմ են նրանք, ովքեր այսօր պատգամավոր են ընտրվել:
– Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը ամբողջությամբ ձևավորված է Բաղրամյան 26–ի կողմից, այսինքն, Սերժ Սարգսյանն է որոշելու՝ մեծ կամ փոքր ներուժը, որ կա խորհրդարանում, օրենքնե՞ր է դակելու, որոնք ծառայում են իշխանությունը բռնագրաված մարդկանց անձնական շահերին, թե՞ նպաստելու է երկրի զարգացմանը:
– Խորհրդարանում կա նաև «Ելքը»: Ինչ–որ չափով այդ քաղաքական ուժը կկարողանա՞ ավելի շատ ժողովրդի շահերին ծառայեցնել խորհրդարանը:
– Նկատի ունենալով «Ելքի» ձայների սահմանափակ քանակը՝ դա ևս կախված կլինի Սերժ Սարգսյանի բարեհաճությունից:
– Այս վերջին երկու ընտրություններից հետո ժողովրդի կյանքում ինչ–որ բան փոխվե՞լ է, դրական տեղաշարժեր կա՞ն:
– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ քաղաքացին միայն մի ճանապարհ ունի մեր երկրում` փոխարինել իշխանությանը բոլոր հնարավոր տեղերում, իր և ուրիշների իրավունքների համար պայքարելով: Տրամաբանական, բանական, ռացիոնալ որևէ փաստարկ չկա, որը կարող է դրական փոփոխությունների հույս ներշնչել: Իշխանության գլուխ մնացել են նույն մարդիկ, իրենց միայն մեր անհատական կամ հավաքական ճնշումը կարող է ստիպել ի շահ երկրի գործել:
– Ասում եք, որ մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Նախորդ տարվա հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ հասարակությունն այդքան էլ ցանկություն չունի կամ պատրաստ չէ գնալ դրան:
– Ես համամիտ չեմ ձեր հարցադրմանը։ Կարծում եմ, որ բողոքի շարժումը մարեց, քանի որ «Սասնա ծռերի» խումբը հստակ քաղաքական պահանջներ, գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ չառաջարկեց: Դրա համեմատ քաղաքացիների մասնակցությունը հանրահավաքներին ու երթերին բավական մեծ էր: Ամեն անգամ ժողովրդին մեղադրելուց առաջ ճիշտ է գնահատել` մենք ի՞նչ ենք տվել մարդկանց, ի՞նչ գործիք ու ծրագիր ենք առաջարկել:
– Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը փորձեց ստանձնել առաջնորդողի դերը, սակայն կարծես թե ճնշվեց:
– Ճիշտ է, փորձեց, միգուցե կարող էր, բայց իրեն վստահության քվե պետք է տար խումբը, որի անդամներն իրենց կյանքը վտանգելով գնացել ու գրավել էին ՊՊԾ շենքը: Այլապես մարդկանց Նիկոլն ու իր կուսակցությունը պետք է փողոց դուրս բերեին:
– 2017 թ. հասարակական կյանքում ձեռքբերումներ ունեցա՞նք:
– Առանձնապես ոչ մի։ Բայց եթե նայենք մեր ժողովրդի պատմությունը, սա ամենածանր փուլը չէ: Հաղթանակն ամեն մարդ ամեն օր պետք է փորձի ձեռք բերել` ինչ–որ լավ բան անելով, ինքն իրեն կատարելագործելով, արդարության համար պայքարելով: Մարդիկ, ովքեր պատրանքներ ունեն, թե ինչ–որ տեղ գնալով իրենց խնդիրները լուծում են, ըստ իս, սխալվում են. իրենց բաժին է հասնում «թերմացքը», որ հատկացվում է ներգաղթողներին: Իսկ տվյալ երկրի քաղաքացիներն ունեն ավելի բարձր պահանջներ ու հանուն դրանց են ապրում: Մերոնք գնում են` հրաժարվելով իրենց հայաստանյան կյանքից, վաստակից, ընկերներից, հանուն հաջորդ սերնդի։ Բայց հաջորդ սերունդն արդեն որպես Ամերիկայի կամ Ռուսաստանի քաղաքացի է իր կյանքն ապրելու։ Ովքեր մնում են Հայաստանում` պետք է կարողանան լիարժեք ապրել և նոր սերնդի համար ավելի լավ պայմաններ ստեղծել, ի հեճուկս «իշխանության»:
Իսկ հաղթանակը... Հերոսի` «Հաց բերողի» կերպարն է։ Նա արեց առավելագույնը, որ տվյալ պահին կարող էր, փաստացի` կյանքը զոհաբերելով։ Բայց զանգվածային հերոսություն չի լինում: Հերոսը օրինակ է, խորհրդանիշ, որը պետք է ուժ տա չհուսալքվելու, մղի ամենօրյա զանգվածային պայքարի։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: