Սերժ Սարգսյան vs ՄԱԿ. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի իր ծրագրային ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ մինչև 2040 թ. Հայաստանը բնակչության թիվը պետք է հասցնել 4 մլն–ի: Սակայն որքանո՞վ է իրատեսական այս «բարի ցանկությունը»:
Երկու տարի առաջ ՄԱԿ–ը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր աշխարհի տարբեր երկրներում ժողովրդագրական վիճակը և կանխատեսումներ էին արվում մինչև 2100 թ. տարբեր երկրների և աշխարհի բնակչության թվի առնչությամբ:
Այդ փաստաթղթի համաձայն, մինչև 2030 թ. Հայաստանի բնակչությունը կկրճատվի մինչև 2 մլն 993 հազար, 2050 թ.՝ մինչև 2 մլն 729 հազար մարդ: Իսկ 2100 թ. Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1 մլն 793 հազար մարդ:
Ի տարբերություն նախագահի հեռահար ծրագրերի, Հայաստանի պաշտոնական վիճակագրության թվերն ավելի խոսուն են: Սկսած 2008 թ. Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 100000–ով՝ 3,1 մլն–ից հասնելով 2 մլն 990 հազարի: Միգրացիոն ծառայության տվայլներով՝ 2008–ից մինչ օրս Հայաստանից անվերադարձ հեռացել է 346000 մարդ:
Ընդհանրապես ժողովրդագրության տեսանկյունից, առավել կարևոր ցուցանիշը բնակչության բնական աճն է՝ ծնելիության ու մահացության միջև տարբերությունը: 2017 թ. առաջին եռամսյակի այդ ցուցանիշն այնքան էլ ոգևորիչ չէ: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ծնելիությունը կտրուկ նվազել է: Եթե 2016 թ. առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել էր 9125 երեխա, ապա այս տարի՝ 8534–ը: Իսկ, օրինակ, 2011 թ. առաջին եռամսյակում այդ թիվը 10000 էր: Այսինքն՝ 6 տարվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել է 16%–ով:
Փոխարենը կտրուկ ավելացել է մահացությունը: 2017–ի առաջին եռամսյակում գրանցվել է 8037 մահ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 7744:
Սովորական մաթեմատիկան հուշում է, որ 2017 թ. առաջին եռամսյակում բնակչության բնական աճը կազմել է 497 մարդ: Իսկ դա 3 անգամ պակաս է անցած տարվա ցուցանիշից՝ 1381 մարդ: Ավելին, այդ ցուցանիշի նվազումը շարունակվում է արդեն 5–րդ տարին անընդմեջ:
Այս պայմաններում բնակչության թիվը 4 մլն–ի հասցնելը թվում է ֆանտաստիկայի ժանրից: Այդ ցուցանիշին հասնելու կամ մոտ լինելու համար փորձագետները նշում են երկու ճանապարհ: Առաջին՝ հնարավոր ամեն ձևերով (խոսքը, նախևառաջ, ֆինանսական օգնության մեծացման, նաև՝ բնակարանային խնդրի լուծման մասին է) խթանել ծնելիությունը: Ծնելիության խթանման մասին նշված է միայն 2012–2017 թթ. կառավարության ծրագրում: Ըստ այդմ, նախատեսված է ծնելիության գործակիցը հասցնել 1,8–ի: Բայց նշենք, որ 2016 թ., ինչպես նաև նախորդ տարիներին այդ գործակիցը մնացել է 1,6–ի սահմաններում:
Բնակչության թվի աճ ապահովելու հաջորդ տարբերակը, ըստ մասնագետների, մարդկանց ներհոսք ապահովելն է: Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ նորմալ երկիր, կայուն տնտեսություն, գրավիչ ներդրումային դաշտ, սոցիալական արդար համակարգ ու էլի շատ բաներ: Իսկ թե հիմա ինչ երկրում ենք ապրում, թող յուրաքանչյուրը դատի ըստ իր ամենօրյա կյանքի: Միայն մեկ օրինակ: Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո Հայաստանում ապաստան գտած սիրիահայերից քանի՞սն են գոհ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու համար: Պետությունը, բացի «Արի, տուն» քարոզից, էլ ի՞նչ է առաջարկել նրանց:
Իսկ երրորդ կարևոր կետը արտագաղթը կանգնեցնելն է: Իսկ որպեսզի արտագաղթ չլինի, մարդիկ ցանկանան ապրել ու արարել իրենց հայրենիքում, անհրաժեշտ է ունենալ՝ տե՛ս կետ երկրորդը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: