Մեկնարկեց Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա փառատոնը
КУЛЬТУРАՀենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 8-րդ փառատոնը նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։
Փառատոնին նախատեսվում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ։ Կհնչեն պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։
ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը միակն է Հայաստանում, որ նվիրված է միայն կամերային երաժշտությանը, որը մեր երկրում մեծ աջակցության կարիք ունի։ Մինչ այսօր մեզ հաջողվել է բավականաչափ հանդիսատես ունենալ, շատ ընկերություններ մեզ են միացել և ամեն տարի ուրախությամբ են սպասում բացման օրերին»,- նշեց Թալալյանը։
Փառատոնի բացման համերգը տեղի է ունենալու հունիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հնչելու են Բրամսի, Չայկովսկու, Նաղդյանի, Հարությունյանի, Պոպպերի, Դավիդովի և Մանսուրյանի ստեղծագործությունները։
Փակման արարողությունը լինելու է կրկին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 29-ին։ Ծրագրում կհնչեն Հարությունյանի, Վիվալդիի և Բոքերինիի գործերը։
Դաշնակահար, փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանն իր հերթին ասաց, որ շատ մեծ դժվարությամբ է կազմակերպվում փառատոնը և այն իրականացվում է մասնավոր աջակցությունների միջոցով։
«Այս տարի մենք նոր մոտեցում ունենք փառատոնի վերաբերյալ՝ որոշել ենք խորագիր տալ։ Այս տարի փառատոնը նվիրվելու է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ Սիրով հնչեցնելու ենք իր կամերային ստեղծագործությունները»,- նշեց Ջուլիետա Վարդանյանը։
Փառատոնի բացման և փակման համերգները բարեգործական են լինելու։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ բացման համերգին իր ստեղծագործություններից կհնչի «Գիշերերգ»-ը՝ ձայնի, ալտի և դաշնամուրի համար, որը գրված է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա։
«Ես խոր հիացմունք ունեմ Թալալյանի գործունեության նկատմամբ, ոչ միայն այն տեսանկյունից, որ նրա ջանքերով արդեն տարիներ շարունակ մեծարվում են մեր երկու մեծ երաժիշտները՝ Թալալյան եղբայրները, այլև հատուկ ուշադրություն է դարձվում կամերային երաժշտությանը։ Մեզանում առ այսօր Հայաստանում այդ երաժշտությունը դիտվում է իբրև երկրորդական երևույթ՝ համեմատած մնացած այլ ժանրերի հետ»,- ընդգծեց Մանսուրյանը։
Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմորա Ռոսլերին։
Փառատոնը կանցկացվի հունիսի 7-29-ն ընկած ժամանակահատվածում։
Նախատեսվում են 3 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լևոն Մեծագործի անվան ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես-վաճառք։ Այնտեղ կլինեն ձեռագործ իրեր, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից։ Ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց՝ երեխաներին որպես աջակցություն։