Մոսկվա-Երևան վթարից տուժածների թվում երեխաներ կան. (լրացված)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 18-ին, ժամը 14.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը: Յոթ մարդ, այդ թվում երկու երեխա է տուժել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով: Ոստիկանության ծառայությունից ռուսական լրատվամիջոցին տեղեկություններ են փոխանցել: «Միկրոավտոբուսը բախվել է բեռնված բեռնատարին: Նախնական տեղեկություններով, տուժել է միկրոավտոբուսի 7 ուղևոր, այդ թվում՝ 11-12 տարեկան երկու երեխան: Վիրավորներից մի մեծահասակ մարդ գտնվում է ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ միկրոավտոբուսում եղել է 17 մարդ»: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների, պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են: Նշենք, որ ռուսական life.ru-ի տեղեկություններով՝ ավտովթարի արդյունքում տուժածների թիվը 7-ն է, իսկ միկրոավտոբուսում շուրջ 17 մարդ է գտնվել: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: