Ֆիրդուսի տոնավաճառից առեւտրականները չեն տեղափոխվել. քաղաքապետարանը ճիշտ չի ասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖիրդուսի առեւտրականներից ոչ ոք չի տեղափոխվել այլ տոնավաճառ, այդ տեղեկությունը ճիշտ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությանը, ըստ որի 20 առեւտրականներ համաձայնել են տեղափոխվել այլ տոնավաճառներ, եւս 30 հոգու հետ բանակցություններ են ընթանում:
Նրանք պնդում են, որ իրենք այդ մասին տեղյակ չեն եւ իրենցից ոչ ոք դեռեւս չի տեղափոխվել։ «Ստեղից դուրս եկող չի եղել դեռ։ Ոչ մեկն էլ դուրս չի եկել էս ընթացքում։ Գարնանը գնացողներ եղել են , բայց փոշմանել են։ Երեւան տոնավաճառում գործ չի եղել, հետ են եկել, մի քանի հոգով միացել են, խանութ են վերցրել։ Էս պահին չգիտենք՝ ուր գնանք։ Մտադիր էլ չենք ստեղից գնալ», - ասաց առեեւտրականներից մի կին։
Մի տղամարդ էլ դժգոհեց, որ նման տեղեկությունների պատճառով իրենք տուժում են, հաճախորդներ են կորցնում. «Սխալ բաներ են տարածում, մարդիկ էլ գիտեն Ֆիրդուսը փակ է, չեն գալիս առեւտրի»։
Նույն խնդրի առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում, ըստ էության, խոստովանեց, որ 20 առեւտրականի տեղափոխվելու մասին հաղորդագրությունը ճիշտ չէ. «Առեւտրականները հետզհետե կտեղափոխվեն այլ տոնավաճառներ. 20 առեւտրականներ կտեղափոխվեն, դա կարող է լինել այսօր մի հոգին կամ երկու հոգին, ոչ բոլորի մասին է խոսքը։ Այսինքն ովքեր համաձայնել են, տեղափոխվել են, մյուսների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել էր, որ արդեն հունիսի 19-ին 20 առեւտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նշվել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել եւս 30 առեւտրականների տեղափոխման հարցը: