Պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկն ընդլայնվում է
SOCIETYՀՀ կառավարությունն ընդլայնում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ դրանում ընդգրկելով «Արարատբանկ» ԲԲԸ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 23-ի նիստի օրակարգում:
«Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» որոշման շրջանակներում ներդրվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ինստիտուտը: Ներկայումս նշյալ օպերատորները վեցն են՝ «ՀԱՅՓՈՍՏ»-ը, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ը, «Անելիք բանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը:
Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել օպերատորների ցանկը: