Առաջնային խնդիրը Երևան-«Զվարթնոց» երթուղու սպասարկման որակ ապահովելն է. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեռ վստահ չէ, որ Երևանի Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին ֆինանսական առումով իրեն արդարացնում է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ ժողովրդի համար դա շատ կարևոր ծրագիր է և իրեն արդարացնում է, սակայն չի կարող վստահ պնդել, որ ֆինանսական տեսանկյունից այն իրեն արդարացնում է, քանի որ ծրագիրը դեռևս փորձնական է:
«Երթուղուց առաջին օրն օգտվել է 80 մարդ, երկրորդ օրը՝100, երրորդ օրը՝ 190, չորրորդ օրը՝ 160 մարդ: Մեր խնդիրն առաջին հերթին սպասարկման որակ ապահովելն է: Ընթացքում կերևա, թե այս ծրագիրը որքանով իրեն կարդարացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նա հավելեց, որ փորձնական ծրագրից հետո մրցույթ կհայտարարվի, որից հետո թե գինը, թե մեկնելու վայրը կարող են փոխվել: «Այս պահին տոմսը 300 դրամ է: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ փոփոխությունների այն կարող է ենթարկվել»,- եզրափակեց Վահան Մարտիրոսյանը: