Արցախի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազեցման գործում դրական է գնահատվել Ռուսաստանի դերը. հետազոտություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որի դերը դրական է գնահատվել Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտում լարվածության նվազեցման գործոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Լայնածավալ պատերազմն ամենից քիչ պետք է Ռուսաստանին: Նա արդեն երկու ճակատում՝ Սիրիայում և Դոնբասում կռվում է, երրորդ ճակատը նրան պետք չէ»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ռազմական և այլ ոլորտների փորձագետների, քաղաքական գործիչների շրջանում արված հետազոտությունների ընդհանրական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը ինչ-որ առումով դրական է, քանի որ կարող է զսպիչ գործոն լինել Թուրքիայի վրա:
«Ռուսաստանը նշվել է որպես միակ երկիր, որի դերը լարվածության նվազեցման գործում դրական է գնահատվել: Իսկ լայնածավալ պատերազմ կանխատեսողների թիվը եղել է քիչ»,-եզրափակեց Գագիկ Հարությունյանը: