Հայտնի է դարձել՝ քանի զինծառայող է Թուրքիան ուղարկել Քաթար
МЕЖДУНАРОДНОЕՀայտնի է դարձել Քաթարում գործող թուրքական ռազմաբազայի տարածք ժամանած թուրք զինվորականների թիվը: Ինչպես փոխանցում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Քաթարում այժմ գտնվում է 113 թուրք զինծառայող:
Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիան Քաթար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։
Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունները զգուշացում է հղել Թուրքիային ավելի ողջամիտ լինել քաթարյան ճգնաժամի հարցում:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի ավելի խելամիտ մոտեցման այս հարցում:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ Քաթարի շրջափակմանը միանալով՝ միայն օգուտ կքաղի այդ ամենից: