Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ «TRIO STUDIO»-ի 5-ամյակին
LIFEՀունիսի 21-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «TRIO STUDIO»-ի 5-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Համերգի հյուրերը հայկական էստրադայի սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներն էին՝ Էրիկը, Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Անուշիկ Ալավերդյանը, Անահիտ Շահբազյանը, Զառա Սահակյանը, Վաչե Թովմասյանը, Անդրանիկ Հարությունյանը, Նանուլը, Սրբուկը, Անգելինա Գասպարյանը, Գարիկ Սեպխանյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Արամ MP3-ը, Լյուսին, իսկ համերգային ծրագիրը վարում էին Ռաֆայել Երանոսյանը և Գրիգոր Դանիելյանը: Երեկոն հագեցած էր հումորով, գեղեցիկ պարային համարներով և անակնկալ զուգերգերով: BlogNews.am-ը ներկայացնում է համերգային ծրագրի հետաքրքիր դրվագները:
«Նախապատրաստական փուլը բավականին բարդ էր, մանավանդ երբ այս ընթացքում փոքրս ծնվեց: Շատ բարդ էր այդքան մարդու հետ կապվել, կազմակերպել փորձերը, սցենար մշակել, և կարելի է ասել, որ մեր բախտը բերեց, որ երեկ բոլորը երկրում էին: Եղել են երգիչներ, ովքեր երկրում չլինելու պատճառով չկարողացան մասնակցել, բայց հիմնական կորիզը երեկ բեմում էր»,- նշում է Հռիփսիմե Ելինյանը:
Ի դեպ՝ համերգային ծրագիրն ավարտվեց Հռիփսիմե Ելինյանի, Գրիգոր Դանիելյանի և Ալբերտոյի երգի պրեմիերայով, իսկ էկրանին երևում էին նրանց փոքր որդու լուսանկարները. «Երգի բառերը համերգից ընդամենը երեք օր առաջ են գրվել: Խոսքերի հեղինակը Գրիգորն է, իսկ երաժշտությանը՝ Ռիչարդ Մադլենյանը: Այս երգը տեսահոլովակ էլ կունենա, բայց մի քիչ կհանգստանանք, որից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել տեսահոլովակին»,- եզրափակեց Հռիփսիմեն: