Մակրոն․ Ասադի հրաժարականը այլեւս Ֆրանսիայի առաջնային պահանջը չէ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը այլեւս Ֆրանսիայի համար առաջնային պահանջ չէ։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է RFI-ն։
Նա նշել է, որ ինքը չի պահանջել Ասադի հրաժարականը, քանի որ ոչ ոք նրան հնարավոր լեգիտիմ իրավահաջորդի չի ներկայացրել։ «Ես խորապես համոզված եմ, որ պետք է մշակել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհային քարտեզ»,- նշել է Մակրոնը, նշելով դրա համար անհրաժեշտ պայմանները։ Նախ՝ «անվերապահ պայքար ահաբեկչական խմբավորումների դեմ»։ «Նրա՛նք են մեր թշնամիները։ Նրանց ոչնչացնելու համար մեզ պետք է բոլորի՝ հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- համարում է Ֆրանսիայի նախագահը։
Այդուհանդերձ, Ֆրանսիայի նախագահը կրկնել է «կարմիր գծի» առկայության մասին իր խոսքը։ Նա հիշեցրել է, որ քիմիական զենքի գործածման ու Սիրիայում հումանիտար կազմակերպությունների աշխատանքի համար մուտք ապահովելու հարցում Ֆրանսիան «անզիջում է» լինելու։ «Եթե սիրիական ռեժիմը կամ էլ մեկ ուրիշը քիմիական զենք գործածեն, Ֆրանսիան պատրաստ է դրան պատասխանել իր ավիացիայի կիրառումով»։