Լևոն Մկրտչյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում՝ նախարարը կարևորել է մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման և այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Իր հերթին դեսպան Ֆարնուորթին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: