«Ի՞նչ նոր համախմբում է ցանկանում Րաֆֆին, եթե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես լուծարված չէ». «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժառանգության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան տվեց «Ելքից» հնչած մեղադրանքներին՝ ասելով, որ ինքը «27 տարի դիակ է», բայց գերադասում է աղոթել, քան մարդկանց տանել մահվան, ինչպես 2008–ի մարտի 1–ին եղավ:
«Ելք»–«Ժառանգություն» «փոխհրաձգության» շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ:
– Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով, ո՞րն է «Ելքի» ու «Ժառանգության» հեռակա «փոխհրաձգության» պատճառը:
– Չեմ ցանկանում խորանալ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկա կոչերի, ո՛չ էլ «Ելք» դաշինքի կողմից դրանց տրված պատասխանի մեջ: Այդ իսկ պատճառով միայն կնշեմ ներկա և ապագայում դեռ սպասվող նորանոր «փոխհրաձգությունների» և այս խմբավորումների միջև հետագա լեզվակռիվների հիմնական դրդապատճառը. «Ժառանգությանը» Սերժ Սարգսյանն «ուղարկեց վաստակած թոշակի»՝ հեռացնելով լեգալ քաղաքական դաշտից և նրա փոխարեն «ինստիտուցիոնալ»՝ խորհրդարանական ընդդիմության «սուրբ տեղերը» հանձնեց նորաստեղծ «Ելք» դաշինքին: Այլևս Րաֆֆի Հովհաննիսյանը գեներալների հետ աղոթելու հնարավորություն չի ունենալու, և նրա փոխարեն այդ հնարավորությունից օգտվելու է նորաստեղծ «հրաշալի եռյակը»՝ Նիկոլը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը: Այս «եռյակը» Սերժ Սարգսյանը ձևավորել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ձևավորել էր «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը՝ նույն իրեն հատուկ՝ մեկով մյուսին փչացնելու մեթոդաբանությամբ: Եթե «Ժառանգության» դեպքում իրար էր կպցրել այդքան տաբեր կերպարների, ինչպիսին էին «առնող ու տվող կյանքի տղա» Թևան Պողոսյանը, «նացիոնալ–սոցիալիստ» Ռուբիկ Հակոբյանն ու « բիզնեսմեն–լիբերալ» Խաչիկ Քոքոբելյանը, իսկ մյուս կողմից՝ գաղափարական արևմտամետներ՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալիկ Արզումանյանը՝ գլուխներ, որ նույն կաթսայում եփվելու դեպքում Րաֆֆու «ճաշը» հաստատ թույնելու էին, ապա «Ելք» դաշինքի դեպքում Սերժ Սարգսյանի նենգ հնարամտությունը պակաս չեղավ: «Իրար կպան» մինչ այդ մեկը մյուսին անընդհատ աքացի տվող Նիկոլն ու Մարուքյանը:
– Դուք բավական կոշտ գնահատեցիք իրավիճակը, մյուս կողմից Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբման է հրավիրել քաղաքական ուժերին՝ 2018–ի թավշյա հեղափոխության հնարավորությունից օգտվելու և երկրում փոփոխություն անելու: Դա կարո՞ղ է քաղաքական օրակարգ դառնալ:
– Ինչ վերաբերվում է Լիր արքայի հոգեվիճակում այսօր հայտնված Րաֆֆուն, ապա նրան խորհուրդ չեմ տալիս անպտուղ կոչեր հնչեցնել, որոնք ոչ ոքի կողմից լուրջ չեն կարող ընդունվել: Այդ ի՞նչ նոր համախմբման ձևաչափ է ցանկանում գտնել Րաֆֆին, եթե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես լուծարված չէ:
Ես չգիտեմ Սերժ Սարգսյանի հետ այս թեմայով ով ինչ է պայմանավորվել, բայց ինձ համար հանրային փրկության ճակատը և ճակատի քաղխորհուրդը, որի անդամն եմ նաև ես, կարող է լուծարվել կամ դադարեցնել իր գործունեությունը ոչ թե Սերժ Սարգսյանի, գեներալ Վովայի կամ գեներալ Սեյրանի «աղոթքներով», այլ միմիայն քաղխորհրդի որոշմամբ և մեր կանոնակարգով նախատեսված եղանակով:
– Մյուս կողմից արդյոք այսօր նոր համախմբման կարիք ու հնարավորություն չկա՞:
– Եթե մարդիկ տեսնում են, որ մեկը հեռանում է իր գործընկերներից հենց այն պահին, երբ նրանք ստիպված են դիմակայել ռեժիմի դաժան հարվածներին, էլ ո՞վ կանսա նրա կողմից հնչեցվող համախմբման հերթական կոչին: Ո՛չ Ժիրայր Սեֆիլյանը, ո՛չ Անդրիաս Ղուկասյանը չեն հայտարարել, որ դուրս են գալիս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից: Այդ դեպքում ազատության մեջ գտնվող Ճակատի քաղխորհրդի մյուս անդամներն այդ ո՞ր կանոնադրական կամ բարոյական նորմի հիման վրա են իրենց իրավունք վերապահում ինչ–որ նոր դաշինքներ ստեղծելու հնարավորություն փնտրել: Ո՞վ է խելքը հացի հետ կերել նման առաջարկությանն ընդառաջ գնալու համար:
– Իսկ իշխանության ներսում ճգնաժամ, հակասություն տեսանելի՞ է այսօր և ինչպե՞ս դա կարող է դրսևորվել 2018–ին, հատկապես, որ երկրի խնդիրները գնալով ավելի սրվում են:
– Իշխանության ներսում ցնցումներն անխուսափելի են և պայմանավորվելու են ոչ այնքան փողոցային պայքարով, որն ընդամենը անհրաժեշտ ֆոն է ապահովելու դրանց համար, այլ առաջին հերթին պայմանավորված են լինելու ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծման և մեր տարածաշրջանում նոր ստատուս–քվոյի ձևավորման հետ: Իշխանություններն արդեն խուճապի մեջ են և անթույլատրելի սխալներ են կատարում: Փոխանակ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ սերտորեն կապված և ռուսական զինված ուժերի վրա լուրջ ազդեցություն ունեցող Ալեքսանդր Պրոխանովին 2017 թվականի գարնանը՝ նրա պրոարցախյան ելույթից հետո հրավիրեին Արցախ և մեկընդմիշտ կապեին հայկական սայլից, Զորի Բալայանի և հայտնի «դհոլների» քմահաճույքով Պրոխանովին գցեցին Ալիևի գիրկը, որպեսզի մնան Լիմոնովի և Էսկինի՝ ովքեր ռուսական բանակի կողմից դրական չեն ընդունվում, հույսին: Ես հիմա բերեցի իշխանությունների քաղաքական կարճատեսության ընդամենը մեկ օրինակ, բայց այդպիսի օրինակները շատ են: Հավատացեք՝ շատից էլ շատ են, և այդ սխալների հետևանքները իրենց մաշկի վրա զգալու են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում