Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանի հանդեպ հետախուզում սկսելու որոշում է ստորագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի հանդեպ հետախուզում սկսելու որոշում է ստորագրվել, այս մասին հայտնում է թուրքական artigercek.com կայքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նշանյանը փախել է Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող Ֆոչա բաց ռեժիմի բանտից՝ ավելի ուշ հայտարարելով, որ պատրաստվում է լքել երկիրը:
«Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդեն բավական է: Այս պայմաններում որոշեցի օգտվել պետության թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից», - ասել էր Նշանյանը թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի հետ զրույցում:
Ավելի ուշ՝ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում Նշանյանն ասել էր.
«Ես չէի կարող թույլ տալ, որ այս ապուշությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել»:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.:
2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։
Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։