Սոթքի հանքի շահագործման տարեկան արտանետումները կկազմեն 2800 տոննա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆPast.am-ի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 26–ին Սոթքի համայնքապետարանում տեղի կունենան «Սոթքի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:
Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Վարչատարածքային տեսակետից հանքավայրի շրջանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սոթքի գյուղական համայնքի վարչական տարածքում: Մոտակա բնակավայրը` Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա:
Սոթքի ոսկու հանքավայրի արդյունահանում իրականացնելու նպատակ ունի «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ՍՊԸ–ն: Ըստ ընկերության կողմից ներկայացված նախագծի՝ մինչև 2001 թ. հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001 թ.–ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են:
Սոթքի հանքավայրի հանքաքարի միներալային կազմը շատ բազմազան է և ինքնատիպ: Ամենատարածված հանքային միներալներից են պիրիտը, արսենոպիրիտը, սֆալերիտը, մարկազիտը, խալկոպիրիտը, անտիմոնիտը, գալենիտը, թելուրիդները: Ոչ հանքային միներալներից են քվարցը, կարբոնատը:
Հատկանշական է, որ հանքավայրից ոչ այնքան հեռու են գտնվում նաև պատմական հուշարձանները, ինչը սակայն չի խանգարել ընկերությանը՝ տարածքում ոսկու արդյունահանում իրականացնելու նպատակներ ունենալ:
Նախագծում ասված է, որ հանքից հարավ–արևմուտք բնակավայր է եղել, որի կենտրոնում եկեղեցու ավերակներ են, և ամենայն հավանականությամբ բնակավայրը միջնադարյան է: Չնայած չի բացառվում նաև այն, որ կարող է վերաբերել բրոնզի և երկաթի դարերին: Սրանից բացի այստեղ է գտնվում նաև դամբարանադաշտ, որը կարող է առնչվել հարավում գտնվող միջնադարյան եկեղեցուն և բնակավայրին:
Ըստ նախագծի՝ հանքաքարի հաստատված պաշարներից բաց եղանակով նախագծով նախատեսվում է արդյունահանել 14 միլիոն 857 հազար 91 տոննա հանքաքար՝ ոսկու 3,96 գ/տ պարունակությամբ: Ստորգետնյա եղանակով արդյունահանվելու է 16 միլիոն 284 հազար 109 տ հանքաքար՝ ոսկու 4,58 գ/տ միջին պարունակությամբ:
Բացահանքի աշխատանքներին զուգահեռ լեռնատեխնիկական աշխատանքներ են տարվելու ստորգետնյա հանքը վերակառուցելու և շահագործման հանձնելու ուղղությամբ: 2012թ. մշակված նախագիծը ենթարկվել է բնապահպանական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն: Այժմ աշխատանքներ են իրականացվում հանքի ստորգետնյա շահագործման նախագծի կազմման ուղղությամբ:
Ստորգետնյա հանքի շահագործումը կսկսվի բացահանքում հանքաքարի պաշարների սպառումից հետո: Հանքաքարի արդյունահանումը երկու եղանակով միաժամանակ չի նախատեսվում: Նշենք, որ նախագծի աղյուսակներին համապատասխան՝ Սոթքի ստորգետնյա հանքից տարեկան արտանետումները կկազմեն ընդհանուր առմամբ 252,5 տոննա, իսկ բացահանքի արտանետումները՝ 2637,5 տոննա:
Հանքը շահագործել ցանկացող ընկերությունը նախատեսում է ստորգետնյա հանքը սպառել 18 տարվա ընթացքում. «Միաժամանակ ստորգետնյա հանքի ծառայման ժամկետը կկազմի 18 տարի: Բոլոր ստորգետնյա փորվածքները անց են կացվելու հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ»,– կարդում ենք նախագծում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ