Պետպատվերից հանվել է անասունների մի քանի հիվանդությունների դեմ պատվաստման ծրագիրը
ЭКОНОМИКАՏավուշի մարզում խոզերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել: Տուժած համայքներից է Այգեձորը: Գյուղացիների խոսքով՝ խոզերի շրջանում «Աֆրիկյան ժանտախտ» հիվանդություն է բռնկվել: Չնայած խոզերի շրջանում այստեղ կորուստներ են գրանցվել, սակայն հաջողվել է հիվանդության դեմն առնել:
«Չումա հիվանդություն է եղել, մի ամիս շարունակ պայքարեցին էդ հիվանդության դեմ: Շատ կորուստներ եղավ»,– պատմեց Այգեձոր համայնքի անասնաբույժ Սարգիս Սաֆարյանը:
Այգեձորցիները սեփական միջոցներով են հիվանդության հետագա տարածումը կանխել: Անասնաբույժի խոսքով՝ պետությունը պետպատվերից կասեցրել է անասունների մի քանի հիվանդությունների դեմ պատվաստման ծրագիրը: Խոզերի և թռչունների շրջանում այս տարի պատվաստում չի կատարել, ինչի հետևաքնով էլ հիվանդությունը գլուխ է բարձրացրել:
Հավերի անկման դեպքեր գրանցվել են Այգեձորում, ինչպես նաև հարևան Չինարիում:
Վազաշենցիների ցավոտ տեղը նույնպես խոզերի շրջանում բռնկված հիվանդությունն է: Այստեղ գարնան և ամռան ամիսներին խոզերի անկման դեպքեր են եղել:
«Ամբողջ գյուղի խոզերը կոտորվեցին: Մեր թաղում ինչքան խոզ կար սատկեցին, չգիտեինք, թե ինչից էր»,– ասաց Ալվարդ Սիմոնյանը:
Բռնկված հիվանդության մասին գյուղացիները մարզպետարանում բարձրաձայնել են, սակայն նրանց լսող չի եղել: Վազաշենցիները սրտնեղեցին, որ ոչ ոք այդպես էլ չի հետաքրքրվել, թե ինչից են խոզերը սատկել՝ գյուղացիներին թողնելով առանց եկամտի:
«12 գլուխ ինձանից սատկեց, դե տեսեք քանի միլիոնի եմ վնաս կրել: Մենք՝ սահմանամերձ գյուղի բնակիչներս, լքված ենք բոլորի կողմից»,– նշեց Սասուն Մուրադյանը:
Տավուշի մարզում խոզաբուծությունը գյուղացիների ապրուստի միջոցն է հանդիսանում: Վազաշենի բնակիչները դժգոհեցին, որ պատվաստումներ չեն կատարվել, անասնաբույժ էլ Վազաշենում չկա, հարևան գյուղից է գալիս: