Գողականն ու ոստիկանականը մեկ կաթսայում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀրապարակ թերթը գրել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դուստրն ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Թերթը նաև գրել էր, որ հարսանիքին ներկա է եղել ողջ ոստիկանական վերնախավը:
Հայաստանն, անշուշտ, փոքր երկիր է: Այստեղ ազգակցական ու միջանձնային կապերն այնքան խիստ են, որ ոստիկանն ու քրեականը, դատախազն ու ամբաստանյալները իրար կարող են ամեն րոպե հանդիպել ոչ միայն փողոցում, բակում, այլև հարսանիքի, ծնունդի, կնունքի, թաղման ժամանակ: Իսկ հաճախ էլ այդ միջաձնային կապերը վերածվում են ազգակցականի:
Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ տարբեր, հակադիր մշակույթները կրող խմբերի երեխաները սիրահարվում ու ամուսնանում են ՝ հակառակ իրենց ավագ սերնդի կարծիքների: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում որևէ հակադրություն չկա: Ինչը վկայում է բազմաթիվ փաստերի առկայությունը, թե ինչպես են պաշտոնյաների հարսանիքներին ներկա թե ուժայիններ, թե կրիմինալի ներկայացուցիչներ: Եվ ոչ մեկ, ոչ մյուս կողմին դա առանձնապես դիսկոմֆորտ չի պատճառում:
Խնդիրն առավելապես հենց այս դաշտում է: Ազգակցական, ընկերական, համայնական կապերը Հայաստանում վեր են մասնագիտականից: Բոլոր ոլորտներում ՝ ուժային, կրթության, կառավարման: Դրանք վեր են նույնիսկ կրիմինալ շրջանակներում, նրանք ևս ազգակցական կապերը գերադասում են իրենց շրջանում չգրված օրենքներից, ինչը ևս ոչ պրոֆեսիոնալիզմի ուրույն դրսևորում է:
Սարգիս Մեսրոպյան