Քեֆ ենք անում ուրիշի ինադու
АНАЛИТИКАԿիրակի Խնձորեսկում նշվել է Սպարապետի օրը: Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին...կներեք ժողովրդին, իսկ ժողովուրդն ընտրել է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունն էլ նժդեհականությունն է, Նժդեհն էլ Սյունեցի, տոնը նշվում էր Սյունիքում, մեծ շուքով: Ներկա էին բնականաբար քաղաքական վերնախավի կարկառուն դեմքերը, նույնիսկ Սերժ Սարգսյանը, չնայած այն հանգամանքին, որ տոնական առիթը հարսանեկան չէր:
Տոնի առիթով լրագրողներին հարցերին ի պատասխան Շարմ Հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշել էր` «Սպարապետի օրը լավ առիթ է հարևաններին ցույց տալու համար, որ մենք այստեղ ենք, քեֆ ենք անում եւ պատրաստ ենք ցանկացած պահի դիմակայել, եթե հանկարծակի որոշեն ինչ-որ քայլերի դիմել»: Մտքի ինչպիսի թռիչք:
Այս տրամաբանությամբ կարելի է ռազմական բյուջեն թեթևացնել ու սկսել սահմանի ողջ երկայնքով մեկ քեֆ անել: ժամանակին, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի և Աղվան Հովսեփյանի ջանքերով Արագածի շուրջ շուրջպար էինք բռնել ազգովի: Հիմա էլ կարելի է սահմանների երկայնքով հավաքվել և քեֆ անել: Նույնիսկ կարելի է ռուս բարեկամներին հորդորել, 200 մլն դոլար վարկի դիմաց սպառազինության դեռ չժամանած մասի փոխարեն օղի ուղարկեն իրենց փոքր եղբորը` սահմանով մեկ քեֆը ավելի թունդ, զրնգուն կազմակերպելու համար:
Կատակն, իհարկե, մի կողմ, բայց Հայաստանը գնալով հիշեցնում է մանկապարտեզի հանդես բաց երկնքի տակ:
Արտակ Ասլանյան