«Ապրել խաղաղ» նախագծի թիմը «Ես հայ եմ» երգով կրկին միավորել է տարբեր երկրների հայ փոքրիկներին
ԼԱՅՖԺամանակին Past.am-ն անդրադարձել էր «Ապրել խաղաղ» նախագծին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Նախագծի հեղինակները ստեղծեցին «Ապրել խաղաղ» երգը, որի միջոցով հայ երեխաներն աշխարհին խաղաղության կոչ էին անում: Երգը համացանցում և հեռուստատեսությամբ ունեցավ մեծ հաջողություն: Իսկ 2016-ի հուլիսին տեղի ունեցավ «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:
Երևանյան ակումբներից մեկում կայացավ ստեղծագործական թիմի նոր աշխատանքի՝ «Ես հայ եմ» տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը գրել է«Ապրել խաղաղ» երգի հեղինակը՝ Լիլի Գրիգորյանը, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, գեղարվեստական ղեկավարը՝ Լիլիթ Բադալյան, գործիքավորումը՝ Նիկ Էգիբյանի: Տեսահոոլովակը նկարահանվել է «HI AM» բարեգործական հիմնադրամի և հիմնադիր տնօրեն Նշան Աճեմյանի շնորհիվ։ Նկարահանվել են «Swag art» դպրոցի սաներն ու Սփյուռքի նախարարության «Արի տուն» նախագծին մասնակից երեխաները։
«Տեսնելով, թե, օտար երկրներից ինչքան հայ երեխաներ են գալիս, նրանց աչքերում զգալով կարոտը, ուղղակի չէի կարող նման երգ չգրել եւ նրանց չնվիրել: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Սփյուռք կապը կլինի «Ես հայ եմ» երգի միջոցով»,- նշեց երգահան Լիլի Գրիգորյանը:
Օրվա հերսները` տեսահոլովակին մասնակցած երեխաները, կիսվեցին տպավորություններով, պատմեցին՝ ինչպես են ընկերացել իրենց հասակակիցների հետ և համատեղ աշխատել: Լոնդոնաբնակ Էրիկ Անտոնյանն էլ տեսանյութի միջոցով ողջունեց ներկաներին՝ ափսոսալով, որ ֆիզիկապես ներկա չէ շնորհանդեսին:
Շնորհավորելով թիմին՝ առաջարկում ենք դիտել տեսահոլովակը:
Լևոն Փանոսյան