Երիտասարդական բունտի սպասելիս
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՏարկետման իրավունքի հետ կապված վերջին քննարկումներում ակտիվորեն նկատվում է երիտասարդների որոշ շրջանակի դժգոհություն: Իրավացի են այն պնդումները, որ առանց համապատասխան բողոքի դրսևորման, հնարավոր չի լինի ազգ-բանակ կոնցեպտի հերթական դրսևորումներից մեկը, որ ուղղակիորեն ամպուտացնում է առանց այդ էլ իմպոտենտ վիճակում գտնվող կրթական և գիտական համակարգը, կանխարգելել:
Այս իմաստով, սակայն, իրավիճակը հիասթափեցնող է: Հայաստանում այժմ չկան ուսանողական լուրջ շարժման հնարավորություններ: Ըստ էության, բացի որոշ նեղ շրջանակների հատվածական դրսևորումներից չեն եղել երբեք: Հայաստանում ուսանողությունն ու երիտասարդությունը քաղաքական և հասարակական սուբյեկտ չեն, այլ պարզապես գործող արժեհամակարգի մի մասն են կազմում:
Չի կարող երիտասարդությունը սուբյեկտ լինել մի երկրում, որտեղ նրանց ահռելի մասը ուսում է ստանում իրենց ծնողների հաշվին և իրենց ծնողների նախընտրած ոլորտներում: Սա զրկում է երիտասարդներին թե տնտեսական, թե սոցիալական ինքնուրույնությունից: Հետևաբար, եթե կրթական գիծը ընտրել է ծնողը, թե ուսման վարձի բարձրացման, թե ընդհանրապես աշխատանքի տեղավորման ու բանակում ծառայության խնդիրները վերաբերում են ծնողներին:
Այս իմաստով ավելի տրամաբանական կլիներ Հայաստանում սպասել ոչ թե երիտասարդական բունտ, այլ երիտասարդների ծնողների բունտ:
Սամսոն Ենոքյան