Գագիկ Սուրենյանի աստեղային ժամը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՕրերս շրջանառվում էր մի նյութ, որտեղ Հայաստանի թիվ մեկ օդերևութաբան ու արդեն թիվ մեկ նյուզմեյքեր Գագիկ Սուրենյանը պատմում էր իր ու Քանաքեռցի Տույի ծանոթության, նրանց հարաբերությունների մասին: Մի կողմ դնենք, թե ինչպիսի ցածրակարգ պաթոսով էր լցված նյութը: Սուրենյանը պարտավոր չէ որակյալ և գեղարվեստական արժեք ներկայացնող տեքստեր գրել, դա իր աշխատանքը չէ: Ավելին, որևէ մեկն իրավունք չունի մարդուն սահմանափակել շփվել քրեական աշխարհի կամ ասենք ոստիկանության համակարգի ներկայացուցչի հետ: Ավելին ՝ որևէ մեկը չի կարող բռնանալ մարդկանց նախասիրություններին: Ամեն մեկը սիրում է այն, ինչ սիրում է:
Բայց խնդիրն այն է, որ Գագիկ Սուրենյանը բացի ֆեյսբուքյան աստղ լինելուց, նախ պետական պաշտոնյա է: Նրա հեղինակությունը որպես օդերևութաբան բխում է իր պետական պաշտոնյա լինելուց: Սակայն ակնհայտ է, որ նա սկսել է խառնել սկիզբն ու վերջը: Իսկ սկիզբը այն է, որ երբ պետական պաշտոնյան սկսում է գովաբանել քրեական հեղինակությանը, ապա մենք ունենք խնդիր, ոչ այնքան Սուրենյանի, ինչքան պետություն-քրեական աշխարհ հարաբերությունների հետ:
Սուրենյանն, անշուշտ միակը չէ, որ քրեական հեղինակությունների հետ ակտիվ շփումները ներդաշնակեցնում է պետական աշխատանքի հետ: Կան ավելի խոշոր պաշտոնյաներ, որոնք էլ ավելի մեծ ծավալներով են ինտեգրված քրեականների հետ շփումներում: Ավելին, Սուրենյանն ի տարբերություն այդ պաշտոնյաների, սրտի խոսքն է ասում միայն, ոչ թե օրինակ կրիմինալի ռեսուրսը բանեցնում է ընտրությունների կամ այլ քաղաքական նպատակների համար:
Պարզապես իր հանրային ճանաչելիության հետևանքով նրա այդ մտքերը երիցս ակնհայտ են դարձնում խնդիրը, որի մասին վերը խոսեցինք : Քաղաքականն ու քրեականը, առավել ևս պետությունն ու քրեականը պիտի լինեն տարանջատված:
Սարգիս Մեսրոպյան