Պետությունը ջուր չտվեց, որ փող աշխատենք
АНАЛИТИКАԱյս տարին էլ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչների մեծ մասը դատարկ գրպաններով է ամփոփում:Past.am-ի հետ զրույցում նրանք բողոքեցին, որ եկամուտ չեն կարողացել ստանալ: Շահույթ չեն կարողացել ստանալ ոռոգման ջրի պատճառով: Այս ոռոգման շրջանում մարզի գյուղերի մեծ մասում ջուր չի եղել: Այստեղ 150 հեկտար հող չի ջրվել:
«Ով ջուր ունեցել է, փող աշխատել է, ով ոչ՝ չի կարողացել»,– տեղեկացրին նրանք:
Ստացած բերքն էլ էժան է եղել, կրկին փող չեն կարողացել աշխատել: 90% վարկառուներից ոչ բոլորն են կարողանում բանկից վերցրած գումարը հետ տալ:
«Չենք կարողանում բանկերի փողերը փակվենք, ահավոր վիճակ է գյուղացու վիճակը: Մեղավորը պետությունն է, ջուր չտվեց, որ աշխատենք»,– նեղսրտեցին հողագործները:
Բացի այս էլ, զարթոնքցիներն այս տարի աշխույժ առևտրի կարոտ են մնացել: Ասացին, որ գնորդները շատ չեն եղել, մի մասն էլ գին են հարցրել ու հեռացել:
«4–5 կիլոգրամանոց ձմերուկները 30–40 դրամով մի կերպ էինք վաճառում, ճանապարհածախսը չենք կարողանում հանել: Շուկաներն այս տարի դատարկ էին՝ առևտուր անող չկար: Հայաստանում առևտուր անող չի մնացել՝ սաղ գնացել են: Մարդ չկա, որ մի բան գնի»,– մտահոգություն հայտնեցին նրանք:
Սա այստեղ անհաջող երկրորդ գյուղատնտեսական տարին է: Նախորդ տարի 300 հա վարելահողերից 130–ը կարկտահարվել էր: Գյուղացիները ստիպված էին եղել 2–րդ անգամ կրկնակի ծախս կատարել: Կրկին բանկերին էին դիմել ու վարկ վերցրել:
«Մի բանկից գումար ենք վերցնում ու մյուսին տալիս, և այսպես գնալով պարտքերը կուտակվում են: Ասում ենք՝ ոչինչ, այս տարի լավ կլինի, կկարողանանք գումարը տալ, բայց տարեցտարի վիճակն ավելի է բարդանում»,– ասացին մեր զրուցակիցները:
Մայիսյան համայնքում էլ նույն պատկերն է: Այստեղ էլ ոռոգման ջրի պատճառով գյուղացին դժվարությամբ է փող աշխատել:
«Մենք բերք չստացանք, քանի որ ջուր չկար: Կռվով ջուր ուզեցինք, ում բախտը բերեց, նա կարողացավ հողը ջրել ու բերքը շուկա տանել: Զրո վիճակ է սաղի մոտ հիմա»,– ասաց բնակիչը:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով չէ միայն, որ գեղակերտցիները նույնպես տարին առանց եկամտի են փակում: Գյուղմթերքի իրացման պատճառով վնասներ են կրել:
«Անցյալ տարի գործարանները վարունգը չմթերեցին ու թափեցինք: Էս տարի էլ նույնն էր: Վարունգը, կանաչին թափեցինք, քանի որ էնքան էժան էր, որ իմաստ չուներ քաղելը։ Կանաչին 30 դրամ էր: Ամբողջ գիշեր աշխատում ես՝ քաղում ու փնջեր անում, բայց շուկայից հետ ես բերում»,– ասաց մեր զրուցակիցը:
Մանյա Պողոսյան