Իսկ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերներ չի սիրում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՈւսանողներ-վարչապետ հանդիպումը, որին հընթացս ներկա էին նաև Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը, ուսանողների պահանջով լուսաբանվում էր ուղիղ եթերում: Ուղիղ եթերն ուսանողները առաջնահերթ են համարում, որպեսզի իրենց խոսքերը չխեղաթյուրվեն ու չմոնտաժվեն:
Անկախ քննարկման բովանդակությունից, սակայն, պիտի նշել, որ հանդիպմանը ներկա վարչապետն ու նրա կառավարության անդամները առնվազն մեկ դրական քայլ արել են. չեն խուսափել հանրային լուսաբանումից ուղիղ եթերում: Հենց ուղիղ եթերում քննարկումն էր, որ ուսանողներին տալիս էր նոմինալ հնարավորություն սեփական դիրքերը պահելու, իսկ իշխանության ներկայացուցիչներին ՝ ներկաբինետային-կլանային լեքսիկոնից խուսափելու հնարավորություն:
Հայաստանում այս պրակտիկան ֆենոմենի կարգավիճակ է ստանում, որովհետև պաշտոնյաներից շատերը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ համառորեն խուսափում են ուղիղ եթերներից: Խոսելն ուղիղ եթերի մասին ավելորդ է, երբ Սարգսյանն անգամ իր առանձնատան մոտ ակցիա անողներին է դիմում ՝ լրագրողներին ինչու՞ եք կանչել հարցով: Իսկ հարցազրույցներ տալիս է հիմնականում արտասահմանյան, երբեմն էլ տեղական լրատվամիջոցներին ՝ բնականաբար շատ խիստ ֆիլտրերով ու շատ կանխատեսելի հարցաշարերով:
Քաղաքական գործընթացների թափանցիկությունը կարևորագույն խնդիր է: Ներկայիս տեխնոլոգիաները գործիքակազմ են այդ խնդիրները լուծելու համար, իսկ սոցիալական շարժումները կարող են այդ գործիքակազմն օգտագործել ու թափանցիկության հարցում առաջընթաց ապահովել:
Սարգիս Մեսրոպյան