Շատ անհարմար բան ստացվեց. Սուրեն Մանուկյանի «մուրազը փորում մնաց»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱսում են` անտառահատների շնորհիվ խորհրդարանում հայտնված, իսկ մինչ այդ իշխանությունների դեմ մանր, անգամ միջինի չձգող ընմբոստություններ կազմակերպող «Իջեւանի անտառտնտեսության» նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը վերջին օրերին խորը ընկճախտի մեջ է: Պարզվում է՝ դաշնակցական պատգամավորը հիասթափություն է ապրել:
Երիտասարդ պատգամավորը ցանկացել ու անգամ շատ է փորձել մարզում ազդեցության լծակներ ձեռք բերել ու ճշտել՝ արդյոք ԱԺ-ում կոճակ սեղմելուց հետո իր հեղինակությունն ու թափն աճել է, թե՝ ոչ: Այդ քայլով Սուրենը մեծ հաշվարկներ է ունեցել, բայց, ինչպես թեւավոր խոսքն է ասում, «մուրազը փորն է մնացել»: Նա ցանկացել է հանրապետության ղեկավարին ու իր անմիջական շեֆերին ցույց տալ, որ ինքը որոշակի ձայների է տիրապետում, մարզում ազդեցիկ տղա է, ու ոչ ավել, ոչ պակաս՝ վերջին ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու Աչաջուրը գյուղում առաջադրել է իր կուսակցական ընկեր Սեւադա Ղուկասյանին:
Բայց արի ու տես՝ իրեն Պիֆագոր երեւակայողի՝ Սեւադայի գծով հաշվարկները չափազանց անհաջող էին, ինչը զարմանալու չէր. այստեղ են ասել՝ խելացի հաշվարկներն ուր, Մանուկյանն ուր: Նրան ճանաչողները լավ գիտեն, որ ջահել, իսկ եթե ավելի ցիվիլ, ապա երիտասարդ պատգամավորը միշտ տառապել է «մեծության սինդրոմով», բայց տարրական ճարպկություն չի ունեցել գոնե սեփական ուժերով քչագույնին հասնելու համար: Նա շատ է սիրել նաեւ երազել, սավառնել, ճախրել, համա թե ռոմանտիկն է, բայց երբ բանը հասել է գործելուն ու ռեալ քայլերին, վերջինս, ըստ նրան ճանաչողների խոսքի, ավելի շատ կանանց բնորոշ՝ դեպրեսիաների մեջ է ընկել ու դիմել իր մեծամեծերին, ովքեր էլ խայտառակ չլինելու ու սեփական դեմքը չկորցնելու համար փրկել են նրա «հետույքը»:
Ինչեւէ, վերադառնանք կարեւորին. փաստացի թեկնածուն խայտառակ պարտություն է կրել՝ հօդս ցնդացնելով իր հովանավորյալ պատգամավորի բոլոր երազանքներն ու անուրջները:
Ընտրություններից առաջ Սուրեն Մանուկյանն իր ողջ շքախմբով եղել է Աչաջուրում՝ այդկերպ փորձելով ձայներ ապահովել իր կողմից առաջադրված թեկնածուի համար, սակայն Սեւադան հավաքել է հարյուր ու մի քանի ձայն, ինչն, անխոս, միայն ժպիտ է առաջացնում: Նկատենք, որ ընտրություններին մասնակցել է 2 հազարից ավելի մարդ:
Այս գործընթացը, հավանաբար, ամենահեշտ տարբերակն էր պարզություն մտցնելու համար իր հովանավոր պատգամավորի՝ Տավուշի մարզում վարկանիշի ու հեղինակության հարցում:
Այսքանից հետո մանդատավորին մնում է մեկ բարի ու սրտացավ խորհուրդ՝ մի առաջնորդվեք «Սայթաքեցի, ընկա, զարթնեցի պաշտոնի էի» ձեր կարգախոսով, եղեք ավելի խելացի, համեստ ու զուսպ, այլ ոչ թե հոռետես, պոռոտախոս ու գլուխգովան: