ԵԼՔ-ի կեղծ թիրախները
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱվագանու ԵԼՔ խմբակցությունը կրկին սկսեց խոսել փողոցների վերանվանումներից, իսկ ԵԼՔ-ի ԱԺ խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալուց: Վերադառնում ենք հին ու բարի ԵԼՔ-ին: Նույն օրակարգով: Օրակարգը նույնն է, բայց իրավիճակն է տարբեր: Ու եթե ԱԺ ԵԼՔ խմբակցությունը ելնելով այն շենքի բնույթից, որտեղ գտնվում է, կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն ու մտնել աշխարհաքաղաքական խնդիրների մեջ, ավագանու խմբակցության անելիքներն ավելի հստակ են ՝ մասնակցել մունիցիպալ կառավարմանը, վերահսկել իշխանությանը, ներկայացնել շատ կոնկրետ, շատ առօրեական խնդիրների լուծումներ:
Իսկ Երևանում այդ խնդիրները քիչ չեն: Միայն վերջի ամսում ակնհայտ է դարձել, որ կա լուրջ տրանսպորտային խնդիր: Մեքենաները շատ են, խցանումները երեկոյան ու առավոտյան ժամերին անվերջ: Նման մակարդակի խցանումներ Երևանում բավական երկար ժամանակ չէին եղել: Իշխանությունները հարցին չեն անդրադառնում, ընդհանրապես այդ հարցը օրակարգում չկա և միայն ֆեյսբուքյան դժգոհ օգտատերերն են այդ խնդրին անդրադառնում:
ԵԼՔ-ի օրակարգում այդ հարցը ևս չկա: Քաղաքացիների ամենօրյա հարմարավետությունը, Երևանի՝ որպես քաղաքային միջավայրի կոմֆորը ԵԼՔ-ին չի հետաքրքրում: Նրանք զբաղված են փողոց անվանակոչելով, հերոսների նկարներով հագուստ հագնելով ու ֆլեշ մոբ անելով:
Արտակ Ասլանյան