Միշտ մեղավոր է հասարակությունը
АНАЛИТИКАԻշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական պրոպագանդայով զբաղվող տարբեր մարդիկ, հաճախ, տարբեր առիթներով սիրում են խոսել այն մասին, որ հայ ժողովուրդը սիրում է գողանալ, փնթի է, պրոֆեսիոնալ չէ, հայրենասեր չէ և այլն: Բայց հասարակությանը վերագրվող այս հատկանիշների թվարկումը սոսկ թվարկում չէ, այն ի վերջո, քարոզչություն իրականացնողների կողմից հանգեցվում է մի եզրակացության ՝ «էսքանից հետո, ոնց եք կարողանում ինչ-որ բան պահանջել իշխանություններից» կամ «մեր ժողովրդին էս իշխանություններն էլ են շատ»:
Ընդ որում, պարտադիր չէ, որ նմանատիպ մտքեր հնչեցնողները ուղղակիորեն լինեն կազմակերպված քարոզչության մասնակից, ստանան առաջադրանքներ և այլն: Շատ հաճախ նմանատիպ մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր պարզապես փորձում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհնարինության կոնտեքստում որևէ հիմնավորում գտնել իրենց կամ շրջապատի համար:
Բայց կարևոր չէ այնքան այդ մտքերն արտահայտողների ով լինելը, որքան այդ մտքի բովանդակությունը: Սա, իհարկե, չի ենթադրում մեկ այլ ծայրահեղություն, թե ժողովուրդը սուրբ է, իսկ իշխանությունները սատանա: Ընդհակառակը, այս երկու մոտեցումները նույն էությունն ունեն ՝ հակառակ վեկտորով:
Ժողովուրդն իհարկե, սուրբ չէ: Մանավանդ հայ ժողովուրդը: Սուրբ չէ որևէ ժողովուրդ: Բայց, հենց դրա համար էլ, որպեսզի մարդածին արատների համար խոցելի հասարակական օրգանիզմները զարգանան առաջացել է պետություն և քաղաքականություն կոչված: Քաղաքականության իմաստը հենց դա է ՝ քանակի մեջից ընտրել որակ, որը կառաջնորդի քանակը, բարիքներ կստեղծի նրա համար:
Հայաստանյան իշխանական քարոզչությունը ժողովրդի, շատ հաճախ արդարացի արատնները մատնանշում է ոչ թե վերջինիս հանդեպ հոգատարությունից ելնելով, այլ սեփական անգործությունը և անճարությունը հիմնավորելու համար: «Մենք լավն ենք, մենք ուզում ենք լավ բաներ անել, բայց ժողովուրդը չի գնահատում»: Այս դեպքում երկու ելք կա: Եթե իսկապես իշխանությունը լավն է, իսկ ժողովուրդը չի կարողանում գնահատել լավը, ուրեմն իշխանությունները բավարար կերպով չեն կարողացել պահել կապը հանրության հետ ու բացատրել լավն ու վատը: Երկրորդ դեպքում ՝ ուրեմն իշխանությունները պարզապես անելանելի վիճակում են, չունեն որևէ բեկումնային փոփոխության գործիքակազմ, բայց նաև չեն ուզում թողնել պատասխանատու լծակները և փորձում են իրավիճակին հիմնավորում գտնել:
Իշխանական քարոզչության այս մոտեցումը վառ վկայությունն է Հայաստանում առկա լճացման. լճացումից, ընդ որում, անմաս չէ հենց քաղաքական վերնախավը:
Արտակ Ասլանյան