Աբբասը «պինդ ընկույզի՞» է վերածվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի էր–ռիադյան այցը և ընդհանրապես իսրայելական հովերով տարված սուննի եղբայրների՝ վերջին շրջանի տարօրինակ պահվածքն այնպես է սթափեցրել Ռամալլային, որ այստեղ սկսել են իսկապես հավատալ ազգային հաշտության անհրաժեշտությանը և ամեն բան անել, որպեսզի ՖԱԹՀ–ՀԱՄԱՍ առճակատումը վերջնականապես պատմության գիրկն անցնի:
Իսրայելական մամուլն այս համատեքստում ընդգծված հետաքրքրությամբ և մեծ զարմանքով է դիտարկում «սիրելի» Աբու–Մազենի նոր հրամանագիրը, որով, նոյեմբերի 29–ից սկսած, Պաղեստինում արգելվում են այնպիսի հայտարարությունների ու նյութերի հրապարակումը, որոնք ազգային հաշտության վտանգման տարրեր կպարունակեն:
Թել–Ավիվին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ դեռ մի քանի ամիս առաջ Գազայում ՀԱՄԱՍ–ին մինչև վերջ նեղող Աբբասն, ասես, միտումնավոր է հենց նոյեմբերի 29–ին նման հրաման արձակել: Այսինքն՝ ճիշտ այն օրը, երբ ՄԱԿ–ը հիշատակում էր Պաղեստինի ժողովրդի հետ համաշխարհային միասնության օրը, կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ուղերձում ափսոսանք էր հայտնում այն առիթով, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի թիվ 181 բանաձևի ընդունումից 70 տարի անց էլ դեռ չի ձևավորվել անկախ ու ինքնիշխան Պաղեստինի հանրապետությունը, իսկ որ ամենակարևորն է՝ ՀԱՄԱՍ–ը Գազայի սեկտորում իր նոր հրթիռն էր փորձարկում:
Արդյո՞ք Աբու Մազենն անկեղծ է ՀԱՄԱՍ–ի հետ հաշտություն հաստատելու ջանքերում, և ինքն էլ է մի քիչ «ՀԱՄԱՍ–անում» այդ ընթացքում, թե՞ նա Արաբիայի խորամանկ խաղն է առաջ տանում, որի ավարտին ոչ թե Իսրայելը, այլ հենց ՀԱՄԱՍ–ը պիտի շփոթմունքի մեջ հայտնվի՝ հետաքրքրված են Թել–Ավիվում: Հետևաբար, բնական է, որ այս իրավիճակում բոլորն են ուշի ուշով հետևում հատկապես ՀԱՄԱՍ–ի գործողություններին, որի ղեկավարությունը, «Հանուն Պաղեստինի ու նրա ապագայի» ընդունված հրամանագրից հետո, Գազայի հատվածում արտահերթ խորհրդակցություն էր հրավիրել:
Ցավոք, պաղեստինյան բոլոր ֆրակցիաների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը ոչ միայն չհստակեցրեց իրավիճակն, այլ նոր հարցեր առաջ բերեց: Մասնավորապես, Գազայում ՀԱՄԱՍ–ի ղեկավարությունը հայտարարեց, որ առնվազն մինչև դեկտեմբերի 10–ը հետաձգում են անկլավի կառավարումը պաշտոնական Ռամալլային փոխանցելու՝ Կահիրեում ձեռք բերված համաձայնությունը՝ այսպիսով էլ ավելի դժվարացնելով ստեղծված իրավիճակի քննությունը ոչ միայն Իսրայելի, այլև ՖԱԹՀ–ՀԱՄԱՍ հաշտության միջնորդ Եգիպտոսի ու ողջ արաբական աշխարհի համար:
Բանն այն է, որ եգիպտական Ալ–Յաում աս–Սաբիա պարբերականի փոխանցմամբ՝ գործընթացի հետաձգման որոշումը միայն ՀԱՄԱՍ–ինը չի եղել, և ՖԱԹՀ–ն էլ իր հերթին է նույն խնդրանքով պաշտոնական Կահիրեին դիմել՝ իբր, անսալով նաև ավագ եղբոր ըմբռնումը ՀԱՄԱՍ–ի չզինաթափման հարցում:
Այս ֆոնին, իհարկե, անչափ ցինիկ է հնչում Իսրայելի սոցիալական ապահովության նախարար Գիլա Գամլիելի այն հայտարարությունը, թե՝ ՖԱԹՀ–ն ու ՀԱՄԱՍ–ը լավ կանեն՝ եգիպտական Սինայի թերակղզում հաշտություն կնքեն, հենց այնտեղ էլ ցանկալի Պաղեստինի պետությունը հռչակելով: «Պաղեստինի պետության տեղը միայն պաղեստինյան հողի վրա է»,– հայտարարել է ՀԱՄԱՍ–ի քարտուղար Սամի Էբու Զուխրին: «Կահիրեն դատապարտում է ցանկացած հայտարարություն, որով կասկածի տակ է առնվում ողջ Եգիպտոսի և մասնավորապես՝ եգիպտական ժողովրդի արյամբ տաքացած Սինայի թերակղզու սուվերենությունը»,–իր հերթին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամիհ Շուքրին:
Գոհար Սիմոնյան