2017 թվականին աշխարհում զոհվել է 97 լրագրող
МЕЖДУНАРОДНОЕ2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել 28 երկրներում: Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18–ին հրապարակված ամենամյա զեկույցում: PEC–ը կոչ է անում համաշխարհային հանրակցությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար:
Նշվում է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ է, քան անցյալ տարի (144): Կազմակերպությունն ընդգծել է, որ «2008 թվականից ի վեր առաջին անգամ PEC–ն 100–ից քիչ զոհված է գրանցել աշխարհում ԶԼՄ–ների աշխատակիցների շրջանում»: Իսկ ընդամենը «10 տարվա ընթացքում զոհվածների թիվը հասել է 1197 մարդու»:
ԶԼՄ–ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունն առաջին տեղը հատկացրել է Մեքսիկային, որտեղ հունվարից ի վեր զոհվել Է մամուլի 14 աշխատող: Առաջին հնգյակում նաև տեղ են գտել Իրաքը (ինը), Աֆղանստանը (ութ), Հնդկաստանը (ութ) և Պակիստանը (ութ): Այս հինգ երկրներին բաժին է ընկնում լրագրողների զոհվելու 45 դեպք: Վեցերորդ և յոթերորդ հորիզոնականներն զբաղեցնում են Ֆիլիպինները (վեց) և Սիրիան (վեց), նրանց հաջորդում են Սոմալին (հինգ) և Հոնդուրասը (չորս): Տեղեկատվության աղբյուր են ծառայել մամուլի, ՄԱԿ–ի և ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ–ը: