Սիրիայում քրդական գործոնը նորից է շահարկվում
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
Սիրիայի ԱԳՆ–ն երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ երկրի հյուսիս–արևելքում քուրդ աշխարհազորայինների նոր խումբ ստեղծելու և նրանց վարժեցնելու ամերիկյան որոշումը գնահատվել է որպես «խառնակչություն և տարածաշրջանային ավերիչ քաղաքականության շրջանակներում՝ Սիրիայի մասնատմանն ուղղված դատապարտելի քայլ»:
«ԱՄՆ–ն ապացուցել է, որ տարածաշրջանում հետևում է սիոնիստական դավադրական ծրագրին և արաբների նկատմամբ թշնամության հարցում վճռական է տրամադրված: Վաշինգտոնի այս քայլը համարում ենք սիրիական ճգնաժամի կարգավորման խափանմանն ուղղված քայլ և միջազգային օրենքների անտեսում»,– ասված է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ պաշտոնական Դամասկոսն ազդանշան է ուղարկել նաև նույն խնդրով մտահոգված և մի շարք ագրեսիվ հայտարարությունների հեղինակ Անկարային, վերջինիս նախազգուշացնելով Սիրիայում ինքնագործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին:
«Թուրքական իշխանությունները պետք է ետ քաշեն իրենց զորքերը մեր երկրի տարածքից և չխառնվեն մեր ներքին գործերին: Թուրքական զինուժի ներկայությունը մեր երկրում ոչ մի արդարացում չունի»,–հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը՝ չցանկանալով նույնիսկ գնահատել Անկարայի հայտարարությունները, որտեղ, ինչպես գիտեք, կտրուկության պակաս չկա:
Նախ՝ այդ երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր հրավիրվել ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին փոխանցել, ապա ԱԳՆ–ն հաղորդագրություն էր տարածել, որում Վաշինգտոն–քրդական PYD/YPG ուժերի հետ համագործակցությունը նախկինում ԱՄՆ–ի ստանձնած պարտավորություններից հրաժարում էր դիտարկվել, դրանից հետո երկրի վարչապետ Բինալի Յըլդըրմն ու փոխվարչապետ Բեկիր Բոզդագն էին բաց տեքստով հայտարարել, թե ԱՄՆ–ն Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին, և շարքն ավարտել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը սպառնացել էր, թե՝ «մինչ ԱՄՆ–ը կհասցնի ահաբեկիչների բանակ ձևավորել Սիրիայում, Թուրքիան կոչնչացնի այն»:
Ավելին՝ թուրքական լրատվամիջոցները փոխանցեցին, որ Սիրիայի Հալեպի հյուսիս–արևմուտքում գտնվող Աֆրինի տարածքին հարակից թուրքական Հաթայ նահանգում Անկարան մեծ քանակությամբ զինուժ և զինտեխնիկա է տեղակայել, և Էրդողանն ինքն էլ չթաքցրեց, որ պատրաստվում է նոր օպերացիա կիրառել քրդերով բնակեցված սիրիական Աֆրինում, որն անցած շաբաթ արդեն իսկ գնդակոծվել էր: Այսպիսով՝ Սիրիայում մի կողմից դարձյալ սրվում են թուրք–ամերիկյան, մյուս կողմից՝ թուրք–սիրիական հարաբերությունները:
Եվ եթե սրան էլ հավելենք ռուս–իրանական գործոնը, նշանակում է՝ Սիրիայում դեռ վաղ է իրական խաղաղության մասին խոսել: Ի դեպ, խնդրո առարկայի վերաբերյալ Իրանի վերաբերմունքը ձևակերպեց երկրի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, որը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանական միության 13–րդ համաժողովի շրջանակներում հայտարարեց, թե՝ «ԱՄՆ–ը նպատակ ունի ապակայունացնել տարածաշրջանի երկրները, ինչի ապացույցներն ամենուր, այդ թվում՝ Սիրիայում են ակնհայտ»:
Ինչ վերաբերում է Մոսկվային՝ այստեղ էլ առանձնապես բառեր չփնտրեցին: «Այն գործողությունները, որ մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ ԱՄՆ–ը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը… հայտարարվել է նոր նախաձեռնության մասին, ըստ որի՝ ԱՄՆ–ը ցանկանում է օգնել, այսպես կոչված, Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ–ինչ գոտիներ: Մեծ հաշվով դա նշանակում է հսկայական տարածքի առանձնացում՝ Թուրքիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով, ինչն անթույլատրելի է»,– հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով 2017 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Գոհար Սիմոնյան