Դավոսում թեժ է լինելու
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
Շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովը, թերևս, պատմության ամենասկանդալային հանդիպումը դառնա: Նախ՝ երկրով մեկ արդեն իսկ մոլեգնում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները, հատկապես Փարիզյան բնակլիմայական համաձայնագիրը մերժելու և ռասիստական վերջին հայտարարությունների համատեքստում, պահանջում են արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը Համաժողովին:
Լարված են նաև զարգացող, այսպես կոչված՝ երրորդ աշխարհի երկրները, ինչպես նաև՝ եվրոպական առաջնորդները, որովհետև ԱՄՆ ներկայիս նախագահը մշտապես է թիրախավորել գլոբալիզացիան և ազատ առևտուրը քաջալերող Դավոսի գործունեությունը:
Այնպես որ, ինչպես երևում է, Թրամփին իսկապես բարդ օրեր են սպասվում Դավոսում, որովհետև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միավորվելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, պատրաստվում է ալպյան այս չքնաղ հովիտը Սպիտակ տան հետ «հաշիվներ մաքրելու թեժ ճակատ դարձնել»: Մանավանդ, որ Մերկելը նախապես ամրապնդել է իր թիկունքը՝ գերմանական սոցիալ–դեմոկրատների և ձախ ցենտրիստների հետ կոալիցիա կազմելու նախնական համաձայնագրով և այժմ արդեն, եռամսյա պասիվությունից հետո համաշխարհային արենա վերադառնալով, կարող է աշխարհի շուրջ 60 առաջնորդների, ազդեցիկ ֆինանսիստների ու տնտեսագետների հետ միասին՝ Դավոսում վիճարկել Թրամփի «America the first», իսկ Եվրոպայի տեսանկյունից՝ «Protectionist and Isolated/Պրոտեկցիոնիստական և մեկուսացված Ամերիկա» թեզը:
Հետաքրքիր մի դիտարկում էլ անենք. եվրոպական մեդիայի վկայությամբ՝ Դավոս են ժամանելու նաև մի շարք ազդեցիկ ամերիկյան գործիչներ, որոնք հայտնի են Թրամփի նկատմամբ իրենց սուր քննադատությամբ և Եվրոպայի հանդեպ նախանձախնդրությամբ, որի լիդերներն, իբր, Դավոսում մտադիր են իրենց ուսերին առնել «ազատ աշխարհի պաշտպանության թիկնոցը»՝ խայտառակելով ողջ աշխարհի հետ խնդիրներ հարուցած Թրամփին և կասկածի տակ առնելով փայփայված «ամերիկյան երազանքը»:
«Ոչ ոք չգիտի, թե Դավոսյան համաժողովի վերջին օրը՝ հունվարի 26–ին, ինչպիսի ելույթով հանդես կգա նախագահ Թրամփը: Բայց արդեն իսկ պարզ է, որ աշխարհիս երեսին դժվար է բոլորին այնքան արդյունավետ կերպով միավորող մի բան գտնել, ինչպիսին Թրամփի ու նրա գործողությունների նկատմամբ հակակրանքն է: Եթե ԱՄՆ–ում 40% են կազմում այդ մարդու գործունեությունը ողջունող քաղաքացիները, Դավոսում այդպիսիք 5%–ի էլ չեն հասնում»,–հայտարարել է Eurasia Group քընսալթինգային խմբի նախագահ՝ Դավոսի մասնավոր հյուր Յեն Բրեմմերը: Հավելենք նաև, որ Դավոսյան 48–րդ Համաժողովի գլխավոր ուղերձը, «Գործարար Շվեյցարիա» պարբերականի վկայությամբ, մոլորակի պայծառ ապագայի մոդելավորումն է լինելու:
Այլ կերպ ասած՝ համաշխարհային լիդերները, բիզնես–էլիտան և փորձագետները ջանալու են գործողությունների այնպիսի մի ծրագիր նախանշել, որը կշոշափի կյանքի որակի համաշխարհային բարելավման հնարավորությունները, ոչ թե նեղ–մասնավոր շահեր կհետապնդի: Դժվար է ասել՝ այս գեղեցկախոսությունը որքանով կաշխատի, քանի դեռ նույնիսկ համաշխարհային առաջնորդների կարծիքով՝ աշխարհը բաժանված է «կեղտոտ խոռոչների» ու «մաքուր/լուսավոր տարածությունների»: Բայց փոխանցվում է, թե այս անգամ Դավոսից անհրաժեշտ է բոլորովին նոր խոսք ակնկալել, որովհետև առկա մարտահրավերները հենց դա են պահանջում:
Գոհար Սիմոնյան