Արմեն Սարգսյանի առաքելությունը որպես նախագահ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱյսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի նախագահի իրենց թեկնածուի անունը: Այդ մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել էր Էդուարդ Շարմազանովը ՝ նշելով, որ թեկնածուի անվանը հասարակությունը ծանոթ է:
Վերջին օրերին շրջանառվող խոսակցություններից, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրապարակած չափանիշներից դատելով խոսքը գնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկինում Հայաստանի կարճաժամկետ վարչապետ Արմեն Սարգսյանի մասին:
Սարգսյանը բացի Բրիտանիայում Հայաստանի դեսպանը լինելը, նաև փաստացի բրիտանական բիզնես շրջանակների հետ ունի լավ հարաբերություններ և հենց նրա ջանքերով էր արքայազն Չարլզը եկել Հայաստան ու գործարկել Ամուլսարի հանքավայրի շահագործումը:
Արևմտյան մեծ կապիտալի ներկայությունը Հայաստանում կարևոր է Սարգսյանի համար, քանի որ այդպիսով շանս է ստեղծվում ռուսական կապիտալի գերակայությանը որոշ բաներ հակադրել: Բացի այդ, Բրիտանիան ՝ լինելով անգլո-սաքսոնական բևեռի առաջատար, ավելացնում է արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Ստացվում է, որ Եվրոմիությանը, Ռուսաստանին, Իրանին, Միացյալ Նահանգներին ու Չինաստանին, մասամբ ավելանում է նաև եվրոպական մեկ այլ հսկա ՝ Մեծ Բրիտանիան:
Նախագահի պաշտոնում առաջադրելով Արմեն Սարգսյանին ՝ Սերժ Սարգսյանը դիվերսիֆիկացնում է քաղաքական մանևրումների հնարավորությունը: Փաստացի Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսում է վերակառուցվել արտաքին սուբյեկտների ներկայացվածությամբ, որը շանս է տալիս Սերժ Սարգսյանին շարունակել երկու աթոռին նստելու անվերջ քաղաքականությունը:
Արտակ Ասլանյան