Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած պաշտոնական Մադրիդի գործադրած ջանքերին ու սպառնալիքներին` երեկ կատալոնական նորընտիր խորհրդարանը հերթական անակնկալը մատուցեց կենտրոնին՝ գլխավոր օրենսդրի դերը հատկապես 38–ամյա Ռոժե Տուրրենին վստահելով, որը ոչ միայն Ինքնավարության պատմության մեջ երբևէ ընտրված ամենաերիտասարդ ղեկավարն է, այլև անկախության «մոլի» հետևորդ:
Կատալոնիայի ձախ հանրապետականներից ընտրված պատգամավորի օգտին, ի տարբերություն հակաանկախական Խոսե Մարիա Էսպեխո Սաավեդրայի ստացած 58 քվեների (վերջինս պրոմադրիդյան և համաիսպանական Քաղաքացիներ կուսակցությունից էր առաջադրվել), խորհրդարանում 65 պատգամավորներ քվեարկեցին:
ծԵվ դա այն դեպքում, երբ չնայած օրենքի արտոնությանը՝ պատգամավոր ընտրված և այս պահին դեռևս անազատության մեջ եղողները, նրանց թվում՝ Բրյուսելում գտնվող էքսվարչապետ Կարլես Պուչդեմոնն ու իր հնգյակը, վերջին պահին որոշեցին չմասնակցել քվեարկությանը և Մադրիդին կազմակերպված դավադրության մասին խոսելու հավելյալ խաղաթղթեր չտալ:
Հետևաբար, այժմ անհրաժեշտ է սպասել հունվարի 31–ին, և եթե հիմնականում «անջատողականության» գույներով ներկված խորհրդարանն այժմ էլ դարձյալ անկախական վարչապետ ընտրի, նշանակում է՝ Մադրիդն այս անգամ չի կարող խուսափել Բարսելոնի հետ համապարփակ և լիարժեք երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում ներքաղաքական անկայունությունը կվերածվի պարբերական քաոսի, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անցած տարվա հոկտեմբերն այս անգամ ավելի խաղաղ կրկնություն կունենա:
Չխոսենք արդեն անընդհատ արձակվող և նշանակվելիք նոր ընտրությունների աբսուրդային հնարավորության անհավանականության մասին: Իհարկե, հասկանալի է, որ առաջիկայում երկուստեք ավելի շատ դատական պրոցեսների հետ գործ կունենան, քան՝ ժպիտներով ուղեկցվող թեյախմությունների, սակայն, ինչպես երևում է, Մադրիդի համար ավարտվում է կոշտ վերջնագրեր ներկայացնելու ժամկետը:
Եվ սա փաստ է նույնիսկ այն դեպքում, եթե հալած յուղի տեղ ընդունենք մեզ մատուցվող սոցիոլոգիական հարցումների (ի դեպ, եթե դրանք ճշմարիտ լինեին՝ քաղաքացիներն այս անգամ էլ չէին ընտրի անկախական խորհրդարան) արդյունքներն առ այն, թե՝ առնվազն 5,4 միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիայում սոսկ 2,5 միլիոնն են կողմ Մադրիդից անջատմանը:
Մյուս կողմից էլ՝ միայն կենտրոնը չէ՛, որ դժվարին իրավիճակում է հայտնվել: Անհեթեթ իրադրություն է ստեղծվել նաև Բարսելոնի համար, որովհետև այստեղ կամ ստիպված են առաջանալ անկախության ճանապարհով, կամ՝ մի կողմ թողնել երազանքները և, թող ներվի ասել, «շնից մազ պոկելու սկզբունքով»՝ իրենց օգտին հավասարակշռել Մադրիդից ստացվող ֆինանսավորումն ու նրան վճարվող հարկերը: Մի բան, որ գուցե շատերի սրտով լինի, եթե դրան հավելվի նաև բուն կատալոնական մշակույթի, լեզվի նկատմամբ հարգանքը և Մադրիդն սկսի ոչ թե տիրոջ, այլ գործընկերոջ լեզվով խոսել Ինքնավարության կառավարության հետ:
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ խորհրդարանի խոսնակի կուսակիցներն ու Դեմոկրատական կուսակցությունը, հակառակ Մադրիդի վերջնագրի, որոշել են կրկին Պուչդեմոնի թեկնածությունը դնել վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ իրավիճակը նորից է թեժանալու: Մանավանդ, որ՝ հայտնի չէ, թե ինչպես է Պուչդեմոնն ընտրվելու դեպքում կառավարելու երկիրը: Ի վերջո, Բրյուսելից անհնար է երկիր կառավարել: Վերադառնա Կատալոնիա՝ նրան բանտն է սպասում: Կարճ ասած՝ լիովին անհասկանալի և փակուղային իրավիճակ է:
Գոհար Սիմոնյան