Վրաստան և Ռուսաստան ցամաքային նոր ճանապարհի մասին. ե՞րբ այն իրականություն կդառնա
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթի հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը
– Պարոն Էրոյանց, Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային նոր ուղու բացման խնդիրն ինչպիսի՞ հանգրվանում է գտնվում: Այսօ՞ր արդեն ինչ հարցեր են առաջ գալիս:
– Ընդհանուր առմամբ այն երկկողմ պայմանավորվածություն է Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը ձեռք էր բերվել 2011 թվականին: Նախատեսում է շվեյցարական ընկերության մոնիտորինգային ծառայության միջոցով բեռնափոխադրում իրականացնել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարող է հետագայում հնարավորություն ստեղծվել, որպեսզի Հայաստանը ևս բեռներ տեղափոխի տարանցիկ այդ ճանապարհով: Այս մասին խոսում էր նաև Վրաստանի վարչապետը:
Սակայն պետք է ասեմ, որ թեև նշվում է, թե գործընթացն ավարտական փուլում է, այնուհանդերձ, որոշակի խնդիրներ կան՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ: Այն փաստաթղթի առնչությամբ, որը նախատեսվում է ստորագրվել Վրաստանի և Ռուսաստանի միջև, կան անհամաձայնություններ: Վրացական կողմը բացառում է ներառել Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակները: Իսկ ռուսական կողմն էլ թերևս այս առումով խնդիրներ է ստեղծում:
Օրերս Կարասինի և Աբաշիձեի միջև նաև հեռակա երկխոսություն տեղի ունեցավ: Աբաշիձեն հակադարձում էր Կարասինի այն հայտարարությանը, թե անցման վայրերում պետք է մաքսային կետեր տեղակայվեն: Հասկանալի է, որ այս փաստն արդեն կխոսեր Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակների մասին: Մի բան, որն անընդունելի է Վրաստանի համար: Ուստի Աբաշիձեն պնդում էր, որ նման պայման փաստաթղթի մեջ չի կարող ներառվել:
Եվ եթե ընդհանուր առմամբ փորձենք գնահատել, թե գործընթացն ի՞նչ փուլում է, ապա կարող ենք ասել, որ այն գտնվում է ավարտական փուլում: Քանզի վրացական կողմը շվեյցարական ընկերության հետ ավարտել է գործընթացը՝ ստորագրել է համապատասխան փաստաթուղթը՝ համաձայնագիրը: Իսկ ռուսական կողմը դեռևս չի ավարտել գործընթացը և փաստաթուղթը չի ստորագրել:
Մինչդեռ ընդհանուր համաձայնություն պետք է լինի երկու կողմի միջև, որպեսզի ստորագրվի վերջնական փաստաթուղթը: Բայց, ինչպես տեսնում ենք, վերը նշված անհամաձայնության պատճառով լուծումը ձգձգվում է:
– Իսկ Հայաստանը ինչ–որ կերպ չի՞ կարող ազդել իրադարձությունների վրա:
– Սա քաղաքական նուրբ հարց է, որն առնչվում է Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակներին: Ռուսաստանը համարում է այս երկրներն անկախ պետություններ, իսկ Վրաստանի համար դրանք իր տարածքներն են:
Անշուշտ, և՛ ռուսական կողմը, և՛ վրացական կողմը դեմ չեն, որ երբ ծրագիրը մտած լինի գործարկման փուլ, Հայաստանն օգտագործի այն որպես բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ: Սակայն վերը հիշատակված քաղաքական հարցերի, այն էլ՝ այդքան նուրբ հարցերի պարագայում Հայաստանը չի կարող անելիք ունենալ:
Եվ էլի՛ եմ կրկնում՝ դա երկկողմ պայմանավորվածության հարց է ընդամենը:
– Եթե երկու պետությունների միջև համաձայնությունը կայանա, ապա որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի իրականություն դառնա ծրագիրը:
– Գործնական փուլում արդեն հարկավոր կլինի լուծել նաև մի շարք տեխնիկական խնդիրներ: Թերևս շվեյցարական ընկերությունը հարկ է, որ տեղանքի հետազոտություններ կատարի, որից հետո նոր միայն հնարավոր անցակետերը տեղակայվեն: Բնականաբար հարկ կլինի նաև անցակետերը ապահովել տեխնիկապես, դրանք զինել համապատասխան սարքավորումներով: Նաև հնարավոր է, որ առաջ գա ճանապարհների բարեկարգման խնդիրը:
Ընդհանուր առմամբ եթե պատկերացնելու լինենք այս ողջ գործընթացը, ապա կարող ենք ասել, որ այն մեկ ամսվա կամ անգամ մեկ տարվա մեջ լուծելիք խնդիր չէ: Այն բավականին հեռանկարային հարց է: Եվ կպահանջվեն տարիներ, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա: Դրանից հետո նոր արդեն, եթե տրվի այդ հնարավորությունը, Հայաստանը կկարողանա օգտվել տարանցիկ այդ ուղուց:
Բայց նույնիսկ այդ պարագայում, հաշվի առնելով թե՛ Հայաստանի աշխարհագրական դիրքը, թե՛ երկու հարևանների հետ ունեցած նրա փակ սահմանները, կլինի հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, այդ ճանապարհը միանշանակ այլընտրանքային լուրջ հնարավորություն է լինելու մեր երկրի համար:
Գոհար Սարդարյան