Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` ամեն ինչ կարված է Սերժ Սարգսյանի հագով
POLITICS«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շարունակում է պնդել, որ նույնիսկ ձևական առումով հնարավոր չէ ասել, թե նոր Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր ենք կառուցում:
Նա համոզված է, որ արտաքուստ, ձևական կողմը պահպանելու համար, կարելի էր ԱԺ և ՀՀ նախագահներին ընդգրկել Անվտանգության խորհրդի կազմում և ցույց տալ, որ խորհրդարանական հանրապետություն ենք:
«Կարելի էր ձևականորեն գոնե ցույց տալ, որ ժողովրդավարություն կա: Բայց նույնիսկ այդ շոուն էլ չեն ցանկանում անել։ Մի կողմից դրականն այն է, որ այն, ինչ կա՝ կա: Այսինքն, երկիրը բացառապես վարչապետական է լինելու, բայց հետաքրքիրն այն է, որ «ամեն ինչ կարված է հենց Սերժ Սարգսյանի հագով»,- ասում է քաղաքական գործիչը։
Նրա դիտարկմամբ, նույնիսկ միջազգային կազմակերպություններն են փաստում, որ Հայաստանը գնում է ավտորիտար պետություն դառնալու ճանապարհով, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող։
Նա բացառում է նաև ներիշխանական խմորումները։ Ա. Մարտիրոսյանի կարծիքով Հայաստանում կա բացառապես մեկ՝ Սերժ Սարգսյան գործիչ, ով շուտով ամեն ինչ իր ձեռքն է վերցնելու։