Կիսասովետական և կիսաազատական սերունդը գնում է թոշակի
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթի հյուրն է Ահարոն Ադիբեկյանը
– Պարոն Ադիբեկյան, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկվեց հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
– Եթե հետևենք Սերժ Սարգսյանի ելույթին, թե ո՞վ կարող է լինել նախագահ, որը ներկայացուցչական դերակատարություն է ունենալու քաղաքական դաշտում, ապա կտեսնենք հետևյալ նկատառումները. նա պետք է լինի վերկուսակցական, պետք է ունենա շփման կարողություններ, այսինքն՝ տիրապետի օտար լեզուների, նաև տնտեսապես լինի այնքան կայուն, որ պաշտոնը չչարաշահի այդ առումով:
Քաղաքական վերնախավի շրջանակներում ամենահարմարը, որը համապատասխանում էր տվյալ չափանիշներին, Արմեն Սարգսյանն էր:
– Իսկ դուք համաձա՞յն եք նախագահի ներկայացրած չափանիշների հետ:
– Նկատի ունենալով, թե Հայաստանի շահերը պաշտպանելու առումով Արմեն Սարգսյանն ինչպիսի դերակատարություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, այո՛:
Հիշենք, որ Անգլիայի թագաժառանգն այցելեց Հայաստան: Եվ այս ամենը նրա շնորհիվ էր: Ուրեմն՝ նա կարողանում է կայացնել շատ ճկուն որոշումներ, և ամենակարևորը՝ իրականացնել դրանք: Ես հույս ունեմ, որ նախագահի պաշտոնում նա այդ հատկանիշները ևս կկիրառի: Եվ կկիրառի այս անգամ արդեն նաև այլ երկրների հետ կապված հարցերը լուծելիս:
– Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ նախագահը պետք է լինի ապաքաղաքական: Դա հնարավո՞ր է, ըստ ձեզ:
– Այնքանով է հնարավոր, որ եթե թեկնածուն որևէ կուսակցության անդամ է, ապա նա, ընտրվելով նախագահի պաշտոնում, պարզապես դուրս է գալիս այդ կուսակցությունից: Այնպես որ՝ դրա լուծումը շատ հեշտ է: Կարևորը, որ նա չպաշտպանի առանձին վերցրած որևէ կուսակցության դիրքորոշում, այլ լինի Սահմանադրության, օրենքի և ընդհանրապես ազգի խորհրդանիշ:
– Այսինքն՝ մենք ընդամենը խորհրդանիշ ենք ուզում, ոչ թե գործող նախագահ: Այդքա՞ն են լիազորությունները:
– Իհարկե: Որովհետև գործադիր ֆունկցիան անցնելու է վարչապետին: Մենք անցնում ենք վարչապետական կառավարման համակարգի:
Նախագահը, ինչպես Գերմանիայում է, ունի միայն ներկայացուցչական ֆունկցիա: Այնտեղ ևս ողջ գործադիր իշխանությունը կանցլերի վրա է: Ի դեպ, Գերմանիայում նույնպես և՛ կացլերը, և՛ նախագահը ընտրվում են Բունդեսթագի կողմից: Ինչպես և մեզ մոտ է: Ի դեպ, մեր և նրանց մոդելներն իրար շատ նման են:
– Իսկ դուք հույս ունե՞ք, որ Արմեն Սարգսյանի՝ արտաքին աշխարհում ունեցած կապերը կօգտագործվեն հօգուտ Հայաստանի:
– Նրա գործունեությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Եվ արդեն արդյունքներից կորոշվի ամեն ինչ: Եվ պարզ կդառնա, թե հանրությունը և քաղաքական վերնախավը որքանո՞վ են գոհ նրա գործունեությունից:
Եվ եթե մի բան այնպես չեղավ, ապա նրան փոխելը բավականին հեշտ է: Ընդամենը խորհրդարանի նիստ է գումարվում ու այլ նախագահ է ընտրվում: Նախկինին էլ պարզապես ասում են՝ դու չես համապատասխանում այս պաշտոնին, տեղդ ուրիշին զիջիր:
– Ես այսպիսի մի բան եմ նկատում՝ ինտելեկտուալ մարդկանց ենք բերում կառավարման համակարգ: Հանրապետական կուսակցությունը իրո՞ք ցանկանում է իր մակարդակը բարձրացնել:
– Եթե նայենք, թե վերջին շրջանում հանրապետության նախագահն ում է նշանակել բարձր պաշտոնների, ապա պարզ կդառնա, որ բոլորն էլ նոր սերնդի մարդիկ են և բավականին կրթված: Հենց պաշտպանության նախարարը, որն իր տարիքի համեմատ բավականին բարձր պաշտոն է վարում:
Նաև հենց նախագահի շրջապատում են բավականին շատ երիտասարդներ:
Այսինքն՝ նախկին սերունդը, որը կիսասովետական էր և կիսաազատական էր, կարծես թե արդեն գնում է թոշակի: Եվ տեղը նոր սերունդն է գալիս: Նախագահը դրա անհրաժեշտությունը շատ լավ հասկանում է և կիրառում է այն:
– Նշանակում է՝ հույս ունենանք, որ քաղաքական մեր մշակույթի մեջ փոփոխություն տեղի կունենա, նոր մշակույթ ձեռք կբերենք:
– Ոչ միայն հույս ուենանք, այլև լինենք պահանջատեր: Ճիշտ տեղում քննադատենք, բացթողումները ցույց տանք: Նաև նշենք այն տարբերակները, որոնք կարող էին, բայց նրանք չեն կիրառել:
Այսինքն՝ հասարակության քաղաքացիական ակտիվությունը պետք է լինի ավելի բարձր: Եվ ոչ թե նստենք ու մտածենք, թե մեր փոխարեն ուրիշն ինչ–որ բան պետք է անի:
Մենք պետք է կառավարման գործընթացին լինենք մասնակից: Ընդհանրապես կառավարման նոր համակարգի իմաստը հենց այդ է, որ ժողովուրդը մասնակից դառնա կառավարմանը: Եվ ոչ թե մեր փոխարեն մեկը որոշումներ կայացնի, իսկ այդ որոշումներն իրականացնող չլինի, որովհետև մենք պատրաստ չենք դրանք իրականացնել:
Պետք է պատրաստ լինենք իրականություն դարձնել ողջ այն ծրագրերը, որոնք կորդեգրեն կառավարողները:
Գոհար Սարդարյան