Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնապես հետ է կանչում Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախարարությունից հայտնել են նաև, որ չեն ընդունելու Թուրքիայի կողմից իրենց երկրում նոր դեսպանի նշանակումը:
Խնդիրն այն է, որ Անկարայում Նիդերլանդների դեսպան Կեես վան Ռիժն արդեն մեկ տարի է՝ չի կարողացել մտնել Թուրքիա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Նիդերլանդների և Թուրքիայի միջև բանակցություններ են տարվել իրադրությունը հարթելու ուղղությամբ, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի իրենք որոշել են դադարեցնել դրանք:
«Քանի դեռ Նիդերլանդները դեսպան չունի Թուրքիայում, մեր երկիրն էլ թույլ չի տալու թուրք դեսպանի գործունեությունն այստեղ: Այս տեղեկությունը քիչ առաջ փոխանցվել է Հաագայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: Այսպիսով, նաև դադարեցվել են Թուրքիայի հետ բանակցությունները»,- ասվում է Նիդերլանդների ԱԳՆ հայտարարության մեջ:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Նիդերլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրենց երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրահավաքների անցկացումը:
Ավելի ուշ արդեն, տեղի իշխանությունները Նիդերլանդներից արտաքսել էին Թուրքիայի քաղաքցիություն ունեցող մի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային: Դրանից հետո երկու երկրների միջև հարաբերություններն ավելի էին լարվել: Էրդողանը մեղադրել էր Նիդերլանդներին նացիստական պահվածք դրսևորելու մեջ: