«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն կարող են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու համատեղ նախագիծ ներկայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին առաջարկել է միասին պատրաստել Հայաստանի համապետական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենքի նախագիծ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են ռեյտինգային այսկերպ ընտրակարգը։ Մեր փորձագետները այս փուլում, կարծում եմ, կփորձեն միմյանց հետ աշխատել»,- նշեց Զոհրաբյանը:
Նա հավելեց նաև, որ եթե ստացվի ՀՅԴ-ի հետ միասին համատեղ նախագիծ մշակել, լինի քաղաքական կոնսենսուս՝ ավելի լավ, իսկ եթե չի ստացվի «Ծառուկյան» խմբակցությունը միևնույն է, իր նախագիծը նորից կդնի քննարկման:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին օրենքի նախագիծ, որի քննարկումը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում անորոշ ժամանակով հետաձգվել է: