Հայ-իրանական երկաթուղու բլեֆը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Իրանը պատրաստ է Հայաստանի հետ երկաթգիծ գործարկել, եթե Հայաստանը ներդրող ներկայացնի: «Առավոտի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նրա խոսքով, երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ: «Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»,- ասել է դեսպանը:
Սաջադիի խոսքով, առաջիկայում Իրանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, որը փորձելու է վերջնական տեսք տալ երկաթգծի ծրագրին: Անդրադառնալով Հայաստան-Իրան էներգետիկ ոլորտի գործակցությանը, դեսպանն ասաց, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: «Այս հարցը քննարկվում է ներկայում: Հուսամ՝ առաջընթաց կլինի: եթե ՀՀ-ն փոքր ինչ աշխուժանա էներգետիկ ոլորտում, մեծ քայլեր կձեռնարկվեն», - ինչպես հայտնում է past.am-ը, ասել է դեպանը:
Իրանի դեսպանը ցրում է հայ-իրանական երկաթուղու շուրջ եղած այն ամբողջ քարոզչաան բլեֆը, ըստ որի, իրանական կողմը քափ ու քրտինք մտած պիտի վազեր Հայաստանի համար կենսական երկաթուղին կառուցելու:
Այնինչ, իրանական կողմը հստակ հասկանում է, որ երկաթուղին նախ անհրաժեշտ է հայկական կողմին և հենց հայկական կողմը պիտի կարողանա ներդրումներ գտնել, այնուհետ նոր Իրանը կասի իր խոսքը:
Հյուսիս-Հարավի կիսակառուցման ֆոնին դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա երկաթուղու իր մասնաբաժինը գլուխ բերել: Այս իմաստով, ևս մեկ քարոզչական բլեֆ մոտենում է իր ենթադրելի ավարտին:
Արտակ Ասլանյան