Փաստաբաններն այսօր կդիմեն ՀՀ նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անցյալ շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, ինչպես նաև կից նախագծերի փաթեթը, որում ներառված է դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը:
Նախագծին կողմ էր քվեարկել 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:
Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Մինչ օրենքի ընդունումը, փաստաբանները փորձում էին բացատրել, թե ինչու նման դրույթ չի կարելի ոչ մի օրենսգրքում ներառել, սակայն այնպես ստացվեց, որ գործադիր և օրենսդիր մարմիններն ավելի կոշտ քայլի գնացին, և առանց փաստաբանների հետ երկխոսելու, խորհրդարանը երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունեց նշված դրույթը պարունակող նախագիծը և՝ վերջ:
Փաստաբանները, սակայն, չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել: Մինչ օրենքի ընդունումը նրանք հայտարարել էին, որ բողոքի ակցիա են կազմակերպելու նաև փետրվարի 15-ին և 16-ին, սակայն այսօր պարզ դարձավ, որ ակցիայի մասնակիցները միայն այսքանով չեն սահմանափակվելու:
ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ին տեղեկացրեց, որ փաստաբանները նամակով դիմելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը չվավերացնի:
Ա.Գ.