Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում
ПОЛИТИКА
Փետրվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Այն կմեկնարկի 12:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով՝ համագումարը կընտրի նոր կառավարման խորհուրդ, խորհրդի նախագահ, եւ կստեղծվի նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ։ Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ««Ելք»» դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպական լիբերալների ալյանս» կուսակցությունից՝ ի դեմս փոխնախագահի, եւ այլ միջազգային կառույցներից։ Որոշ տեղեկություններով՝ եվրոպական հյուրերը Հայաստան են եկել ԼՀԿ-ի՝ ԱԼԴԵ-ին անդամակցության հարցերով։
Հատկանշական է, որ համագումարը գումարվում է «ԵԼՔ»-ի համար բավական ծանր ժամանակներում, երբ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններում կա ակնհայտ հակասություն:
Հատկանշական ևս մեկ փաստ կա. խոսքը ԱԼԴԵ-ին ԼՀԿ-ի անդամակցության մասին է: Փաստորեն, «Լուսավոր Հայաստանը», «ԵԼՔ»-ից անկախ քաղաքական օրակարգ ունի, որի հայտը ներկայացրել է և որը արդեն պրոցեսի մեջ է: Սա նշանակում է, որ մեկ կուսակցություն դառնալու մասին խոսակցությունները կմնան թղթի վրա:
Դժվար է ասել, պաշտոնապես «ԵԼՔ»-ը կպառակտվի՞, թե ոչ, բայց այն, որ կա ակնհայտ տարբերություն գործելաոճերի ու մեթոդների մեջ, ակնհայտ է: ԼՀԿ ՝ սեպարատ քաղաքական օրակարգի առկայությունը ցույց է տալիս, որ այդ տարանջատումները գիտակցում են դաշինքում:
Սարգիս Մեսրոպյան
past.am