«Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել
մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից:
Համաձայնագիրը ստորագրեցին «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:
Ինչպես իր խոսքում նշեց Մ. Հակոբյանը, իրենք 2018 թվականը նախատեսում էին սկսել նոր քայլերով, որոնցից մեկն այս համաձայնագրի ստորագրումն է և դրա շրջանակներում նոր գործիքի ներառումը «Յունիբանկի» ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների համար:
«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների
համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ և հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը և հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի և պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց»,- ասաց նա՝ հավելելով, տվյալ համագործակցությամբ հաճախորդների համար լուծվում է նաեւ գրավի խնդիրը: «Լրացուցիչ գրավադրման խնդիր չկա, 90 տոկոսով ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից: Վարկերը կարճաժամկետ են, քանի որ արտահանման համար են նախատեսված»,- ասաց նա և հավելեց, որ համոզված են` այս պրոյեկտը կունենա հաջողություն:
Ա. Շահնազարյանն էլ նշեց, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և «Յունիբանկի» համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ և շոշափելի արդյունքներ տա: «Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն և
նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն: Ավելի քան համոզված եմ` մենք առաջիկայում կունենանք արդեն առաջին կնքված պայմանագրերը «Յունիբանկի», համապատասխան արտահանողների և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև»,- ասաց նա:
Հակոբյանը հայտարարեց, որ մինչև ստորագրելն արդեն իսկ ունեն հաճախորդներ, ովքեր պատրաստ են, օր օրի սպասում են` երբ է այս համաձայնագիրը ստորագրվելու, որպեսզի կարողանան դիմել` այդ գործիքից օգտվելու համար: