Փորձաքննություն կատարելուց հրաժարվողը կա'մ կտուգանվի, կա'մ կկալանավորվի
ОБЩЕСТВОՓորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու դեպքում կնախատեսվի քրեական պատասխանատվություն տուգանքի կամ կալանքի տեսքով: Այս մասին որոշման նոր նախագիծ է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 339.1-րդ հոդվածով, համաձայն որի փորձագետը փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Պահանջը չկատարողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, իսկ 249-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցն օրենքով նախատեսված կարգով կրում է փորձաքննություն կատարելու և եզրակացություն տալու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ:
Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսգրքերում: Մասնավորապես՝ Ուզբեկստանի, Լատվիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Էստոնիայի, Կիրգիզիայի և Ուկրաինայի հանրապետությունների քրեական օրենսգրքերով:
Համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված իրավակարգավորումները՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելը համարում է հիմնավոր և իրավաչափ:
Եվ, որպես վերոնշվածի հիմնավորում, արձանագրում ՀՀ-ում ձևավորվող պրակտիկան: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով բազմաթիվ են դեպքերը, երբ փորձագիտական հիմնարկները հրաժարվում են փորձաքննության կատարումից կամ ավարտված փորձաքննություններով եզրակացությունները վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց՝ գումարի բացակայության պատճառաբանությամբ:
Նման իրավիճակ ստեղծվում է յուրաքանչյուր տարի, առավելապես տարեվերջին' հանգեցնելով քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումների (այդ թվում՝ այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը), ինչի արդյունքում կարող է խախտվել քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքը:
Համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 459-րդ հոդվածով, ուղղակի հարցի հրատապությունից ելնելով, անհրաժեշտ է այն ներառել գործող օրենսդրության մեջ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am