«Արցախի խնդիրը դե ֆակտո լուծված է, մնում է դե յուրե ամրագրելը». Էմիլ Օրդուխանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես փոխանցում է АПА գործակալությունը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օրերս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկու երկրներում սպասվող ընտրություններից հետո ավելի ինտենսիվ կերպով կվերսկսեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:
Ասվածի շուրջ Past.am-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:
-Ի՞նչ ուղղությամբ այն կարող է ավելի ակտիվանալ, փոխզիջումների կգնա՞ն:
-Հիմա երկու երկրներում էլ նախընտրական շրջան է: Մեզ մոտ ուղղակիորեն նախընտրական չէ, բայց երկրի առաջնորդի հարց է լուծվելու: Մի բան էլ ակնհայտ է, որ և՛ այնտեղ, և՛ այստեղ այսօրվա գործող առաջնորդները շարունակելու են զբաղեցնել իրենց պաշտոնները: Ալիևը կրկին նախագահ կդառնա, իսկ մեր գործող նախագահն էլ՝ վարչապետ:
Եթե Ադրբեջանում չի փոխվում առաջնորդը, ով վերջերս նաև հայտարարում էր Երևան ադրբեջանցիների վերադառնալու մասին, ապա այս համատեքստում որևէ դրական տեղաշարժ արցախյան խնդրում, առավել ևս Ադրբեջանի նախաձեռնությամբ, ես կբացառեի: Ադրբեջանը երբեք պաշտոնապես չի խոսել փոխզիջման մասին:
Իսկ բանակցությունների հետ կապված դրական տեղաշարժ նույնպես չեմ ակնկալում: Գուցե հանդիպումները շարունակվեն: Հանդիպումներ եղել են, բայց բանակցությունները այլ բան են ենթադրում: Դրանք հանդիպումից տարբերվում են նրանով, որ կոնկրետ հարցեր են լուծվում երկուստեք, սակայն Ադրբեջանի կողմից դրանք բացառապես մերժվում են: Եվ նրանք բանակցություններ ասելով նկատի ունեն, որ հանդիպումները կշարունակվեն: Տրամաբանությունը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել հանդիպումներ, բայց խնդրի կարգավորման տեսանկյունից ոչ մի առաջքայլ ես չեմ տեսնում, որովհետև իրենց ասածն ու արածը լիարժեքորեն հակասում են միմյանց:
-Նրանք սպասում են, որ երկրի ղեկավարները նորից պաշտոններ ստանձնեն և շարունակեն խնդրի կարգավորման գործընթացը:
-Դա էլ կա, բայց գուցե սա մի մեսիջ է՝ ուղղված Մինսկի խմբին, որ իրենք պատրաստ են լինելու կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններ տանել, գուցե սա որպես նրանց ականջը շոյող հայտարարություն է արվում: Գուցե սա միջազգային հանրության մոտ միջազգային հարթակներում ավելի դրականորեն տրամադրված երկրի առաջնորդի կերպար ստեղծելուն է ուղղված:
-Եթե մեկ այլ անձ լիներ Ադրբեջանի նախագահի պաշտոնում, դրանից ղարաբաղյան խնդրի լուծումը այլ ընթացք կունենար՞:
-Ո՛չ կարելի է հաստատել այդ թեզը, ո՛չ էլ միանշանակ բացառել: Եթե-ի շուրջ վերլուծություն անելը միշտ բարդ է: Եթե կոնկրետ է՝ ավելի հստակ է, եթե՝ եթե է, բնականաբար, այստեղ հավանականությունները տարբեր են:
Ուղղակի մենք մեկ հարցում պետք է հաստատակամ լինենք՝ Արցախի խնդիրը դե ֆակտո լուծված է, և մնում է դե յուրե այդ հարցի լուծումն ամրագրելը: Մեզ համար սա՛ պետք է լինի դիրքորոշումը: Ադրբեջանական կողմից այսօր կլինի Ալիևը, վաղն ուրիշը, մենք մեր դիրքորոշման մեջ պետք է հաստատակամ լինենք: Իրենք թող արդեն հարմարվեն, քանի որ մեկ կողմից հաստատակամությունը մյուսին ինչ-որ բան է պարտադրում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ