Փոքր խմբակցություն, բայց մեծ թիմ ունեցող «Ելք»-ը վարչապետի իր թեկնածուներն ունի
POLITICS«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, և «Ելք» խմբակցությունը կսատարի նրան, ինչպես նաև, որ դա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին՝ նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:
«Պաշտպանելով Փաշինյանի թեկնածությունը, բայց չգնալով Ազատության հրապարակ՝ «Ելք»-ի անդամ մյուս կուսակցությունները ցույց կտան, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են խորհրդարանական պայքարում, բայց չեն կիսում փողոցային պայքարի նրա մոտեցումները՝ իրենց վրա չվերցնելով նաև այդ պայքարի արդյունքում արձանագրվելիք պարտության պատասխանատվությունը»,- կարդում ենք հոդվածում:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Past.am-ի հետ զրույցում ժխտեց այդ ամենը՝ անվանելով չճշտված ինֆորմացիա: Պատգամավորի խոսքով՝ իրենք նման որոշում չունեն, նույնիսկ չեն էլ քննարկել այդ հարցը, որպեսզի որոշում ունենան:
-Եթե խոսակցություններ են, ապա մեզնից դուրս, որովհետև մեր ներսում նույնիսկ այդպիսի խոսակցություն առայժմ չկա: Մենք մեր վարչապետի թեկնածուի հետ կապված նույնիսկ քննարկում չենք սկսել: Այնպես, որ այդ խոսակցությունները դրսում են, ոչ թե՝ ներսում:
-Տիկին Նազարյան, եթե Նիկոլ Փաշինյանը գնա Ազատության հրապարակ, կուսակցության անդամները նույնպե՞ս այնտեղ կլինեն:
-Միանշանակ: Կուսակցության բոլոր անդամներն առանց բացառության կլինեն նրա հետ, այդտեղ տարաձայնություն չկա:
-Վարչապետի թեկնածության հարց եթե անգամ դեռ չեք քննարկել, պատրաստվո՞ւմ եք քննարկել առհասարակ:
-Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա: Իմ անձնական կարծիքով՝ մենք պետք է վարչապետի թեկնածության հարցը քննարկենք և ունենանք:
-Եթե անգամ ձեր պատգամավորների քանակը չբավարարի՞:
-Նշանակություն չունի՝ դա քաղաքական պաշտոն է: Մենք քաղաքական պաշտոնների համար առաջադրում ենք մեր թեկնածուներին, ինչպես դա եղավ Ազգային ժողովի նախագահի, երկրի նախագահի դեպքում: Վերջինի դեպքում ցանկանում էինք Արտակ Զեյնալյանին առաջադրել, բայց առաջադրման համար մեր ձայները բավարար չէին, դրա համար հնարավոր չեղավ:
Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք թեկնածուներ: Ուղերձն այն է, որ լինելով նույնիսկ փոքր խմբակցություն, մենք մեծ թիմ ենք և մեր կազմում կան մարդիկ, ովքեր կարող են ստանձնել քաղաքական պատասխանատվություն և բարձր պաշտոններում լինել:
-Եթե ունեք նման թեկնածուներ, ակնկալո՞ւմ եք, որ այլ խմբակցությունների պատգամավորների մի մասը ձեզ կաջակցի:
-Գաղտնի քվեարկություն է, չգիտենք՝ ինչպես կարող է լինել:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ