Ուղղությունները թեև ավելանում են, բայց Լարսի հոգսը դրանից չի թեթևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ Փոթիում վարձակալած լաստանավն ընկերությունը շարունակում է ոչ միայն շահագործել, այլև ավելացնել տեղափոխվող բեռների ուղղություններն ու քանակը:
«Հիմա արդեն Բելոռուսի Հանրապետությունից ենք սկսել ապրանքներ ստանալ, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի Ղազախստանի հետ ամրապնդենք մեր կապերը»,- ասաց Վ. Ալոյանը:
Խոսելով այն մասին, որ երկաթուղու աշխատանքն այնուամենայնիվ չի թեթևացնում Լարսով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրման հոսքը, Վ.Ալոյանն ասաց, որ Լարսով արտահանվող կամ ներկրվող ապրանքների խմբաքանակները մեծ չեն, ուստի այն, ինչ ներկայում Լարսով է տեղափոխվում դեպի ԱՊՀ և այլ երկրներ, շուտ փչացող կամ փոքր խմբաքանակներով ապրանքներ են, որոնց փոխադրումը երկաթուղիով չի իրականացվում:
«Փոքր ծավալներով ապրանքները հարմար չէ գնացքով տեղափոխել, քանի որ մեկ վագոնի ծավալը 60 տոննա է: Եվ բացի այդ շուտ փչացող մթերքները՝ ձկնեղեն, միրգ և այլն, Հայաստանից դուրս և ներս են գալիս մեքենաներով: Ցորենը, օրինակ, մենք ենք տեղափոխում: Ինչ վերաբերում է նրան, թե մի քանի արտահանողներ կարող են միանալ ու իրենց ապրանքը մեկ վագոնով տեղափոխել, ապա հնարավոր չէ: Փոքր ծավալներով ներկրողներն ու արտահանողները երբեք մեզ հետ չեն աշխատել: Եվ չնայած Խորհրդային Միության տարիներին կային սառնարանային վագոններ, որոնց միջոցով միրգ, բանջարեղեն էր արտահանվում, սակայն հիմա այն թանկ հաճույք է համարվում և ձեռնտու չէ մասնավոր ընկերություններին»,- ասաց Վ. Ալոյանը:
Արմինե Գրիգորյան