Չի լսվում «Ազատ դեմոկրատների» ձայնը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյն, որ «Ազատ դեմոկրատներն» այլևս այնքան էլ ազատ չեն, երևում է նրանց քայլերից: Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը կա՛մ հյուրեր ունի և չի կարող պատասխանել լրագրողի հարցերին, կա՛մ զբաղված է, կա՛մ էլ, լավագույն դեպքում, իր նախընտրած լրատվամիջոցի հարցերին է պատասխանում՝ համարելով, որ դեմոկրատիա կառուցելու իրենց կուսակցական պարտականությունը կատարված է:
Որ «Ազատ դեմոկրատներն» անազատ խաղերի սիրահար են, պարզ էր դեռ 2012 թվականի խորհրդարանական, ապա նաև Դանիայում և Նորվեգիայում այս կուսակցության ներկայացուցիչ նշանակելով: Եվ պարզ է, որ հանուն տաքուկ աթոռների էր, այն ժամանակ ներկա դեսպանը լռում, հիմա էլ նույնն անում է կուսակցության առաջնորդը:
Այն, որ դեմոկրատական հեղափոխություն նրանք չեն կարողանա իրականացնել, պարզ էր ի սկզբանե՝ կուսակցության կազմավորման օրվանից: Բայց որ այսքան սնանկ կլինեն ու որևէ կերպ չեն խառնվի երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անկեղծ ասած, զարմանալի է:
Հասկանալի էլ չէ, թե նրանք որ դաշտում են իրենց պատկերացնում, բայց որ գաղափարախոսությունն ու կուսակցականների քայլերն իրար հետ որևէ կապ չունեն՝ միանշանակ է:
Այս օրերին, երբ այս կամ այն, քիչ թե շատ ակտիվ կուսակցությունները փորձում են առիթն օգտագործել ու որևէ կերպ հասարակության մոտ «ներկա» ստանալ, «Ազատ դեմոկրատները» կրկին բացակա են: Նրանք ո՛չ իշխանական կոչերին են արձագանքում, ո՛չ էլ ընդդիմադիրների: Եվ այդպես էլ պարզ չի դառնում, թե նրանց ուզածը բացի այս կամ այն երկրում տաքուկ աթոռի տիրելը, ուրիշ ինչը կարող է լինել:
Զանգ կախել՝ նրանք հաստատ չեն կարողանա, իսկ մեկ-երկու ցուցապաստառով այս կամ այն հավաքին մասնակցել, հավանաբար, ի վիճակի կլինեն:
Արմինե Գրիգորյան