Կոնյակ, ծաղիկներ ու ծաղկեպսակ՝ Սպիտակ համայնքի գնումների պլանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում ընթացիկ տարվա պետական գնումների լրացման մասին փաստաթուղթ է ներկայացրել:
Փաստաթուղթը քաղաքապետ Գագիկ Սահակյանի կողմից հաստատվել է 2018թ. մարտի 20-ին: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ Սպիտակի համայնքապետարանը նախատեսում է գնման «Մեկ անձից» կատարվող ընթացակարգով 320 000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույց գնել:
Գնման նույն ընթացակարգով գնումների պլանում է նաև գրասենյակային բազկաթոռը, որի արժեքը 200 000 ՀՀ դրամ է:
Իսկ նվերների և պարգևների համար Սպիտակ համայնքը նախատեսում է 100 000 ՀՀ դրամ ծախսել:
Բացիկների և շնորհավորանքների պատրաստման ծառայության վրա էլ համայնքը կծախսի 346 500 ՀՀ դրամ: Բացի այդ, նախատեսվում է նաև 300 000 դրամի ծաղիկներ գնել:
Ի թիվս այլ ապրանքների, նաև 67 տուփ շոկոլադե կոնֆետների ընտրանի կգնեն, որոնցից յուրաքանչյուրն արժե 4700 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, շոկոլադե կոնֆետների ընտրանիները գնելու համար կծախսվի 314 900 դրամ:
Գնումների պլանում են նաև «Արարատ 5 աստղ» կոնյակները: Կգնվի 63 կոնյակ, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 371 700 ՀՀ դրամ:
105 500 ՀՀ դրամ կծախսվի 21 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար: Յուրաքանչյուրի գինը 5000 ՀՀ դրամ է: 90 000 ՀՀ դրամ էլ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 20 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար:
Սպիտակի համայնքապետարանը կգնի նաև 25 000 ՀՀ դրամ արժողությամբ 8 ծաղկեպսակ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 200 000 ՀՀ դրամ: Հուշանվերներ ձեռք բերելու համար էլ կծախսվի 205 000 ՀՀ դրամ:
Աննա Բադալյան